Կրակոցներ թուրք-սիրիական սահմանին

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` թուրքական ուժերը հուլիսի 17-ին պատասխան հարված են հասցրել Սիրիայի կողմից ավելի վաղ հնչած կրակոցներին, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Ըստ աղբյուրի` Սիրիայի Ռաս ուլ Այն շրջանում սիրիացի ապստամբների և ահաբեկչական կազմակերպության (Սիրիայի քրդեր) միջև հունիսի 16-ից կռիվներ են ընթանում: Թուրքական կողմի պնդմամբ` հենց այս ահաբեկիչներն են կրակ բացել թուրքական Ջեյլանփընար սահմանային շրջանի վրա:

Իսկ ահա քրդական Firat-ը գրում է, որ կռիվներն ընթանում են Սիրիայի քուրդ բնակչության և «Էլ Նուսրա» ծայրահեղական խմբավորումների միջև: Ըստ քրդական գործակալության` Թուրքիայի վրա կրակ են բացել հենց այս խմբավորումները` նպատակ ունենալով սադրել Թուրքիային և ներքաշել կռվի մեջ:

Firat-ը գրում է նաև, որ այս խմբավորումները թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ նախկինում հենակետեր են ստեղծել, և Թուրքիան որևէ կերպ չի խոչընդոտել այս աշխատանքները:

Ավելի ուշ Firat-ը տեղեկություն է տարածել այն մասին, որ թուրքական F-16 կործանիչներն են հարվածել Սիրիայի ուղղությամբ:

Նույն աղբյուրի հաղորդմամբ` մարտերում հաղթել են քրդական ջոկատները և կարողացել են Ռաս ուլ Այնից դուրս մղել վերոնշյալ խմբավորումներին:

Սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր` քրդերը ստեղծել են զորաջոկատներ և իշխանություն հաստատել երկրի հիմնականում քրդաբնակ հյուսիսարևելյան շրջաններում: Այս հանգամանքն անհանգստացնում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ կռվող ընդդիմադիր տարրերին, և հաճախ են մարտեր բռնկվում նրանց և քրդերի միջև:

Քրդերի հաջողություններն անհանգստացնում է նաև հարևան Թուրքիային, որի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե թույլ չի տալու Սիրիայում քրդական պետություն հիմնել:

Մեկնաբանել