Պետք է բացառել միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը. քաղաքապետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 22-ի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից հասարակական տրանսպորտի սպասարկման պատշաճ որակի ապահովման պարտավորության կատարումը, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«Մենք պետք է առավել խիստ և հետևողական լինենք սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես` երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման և երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Պետք է բացառել միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը: Առաջիկայում կքննարկենք նաև համայնքային ենթակայության տրանսպորտային միջոցներում փորձանական տարբերակով միասնական տոմսի ներդրման ծրագրի կազմակերպման հնարավորությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ապահովման նկատմամբ իրականացվող մշտադիտարկումը: Ըստ այդմ, նշվել է, որ կազմվել են 26 արձանագրություններ չնախատեսված վայրերում կայանում կատարելու, 8 արձանագրություններ՝ վարորդների ծխելու և 4 արձանագրություն էլ տրանսպորտային միջոցի անբավարար արտաքին տեսքի համար:

Ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու և վարորդների համար կայանման առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով ներդրված նոր համակարգի հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է բանակցել մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ և վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման նոր ընթացակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները շարունակել ևս մեկ ամիս, հաշվի առնելով, որ քաղաքացիներից շատերը գտնվում են արձակուրդում և, հնարավոր է, տեղեկացված չլինեն գործընթացի մասին:

Մեկնաբանել