Տրանսպորտի ինքնարժեքը 80 դրամ է

Վահան Քերոբյան. «Ավտոբուսները նաև մարկետինգային եկամուտ ունեն, անվճար չէ կպցված այդ գովազդը, երթուղիների տերերը դրանից օգուտ ունեն: Դա լավ է և դա պետք է ուղղված լինի սակագնի իջեցմանը, ոչ թե լինի հավելյալ գերշահույթ»:

Գործարար Վահան Քերոբյանը միացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ սկսված բողոքի ակցիաներին և իր մեքենայով ուղևորներ է տեղափոխում Երևանում: Նա հաշվարկել է, որ քաղաքապետարանը ուղեվարձի բարձրացման հիմքում լուրջ շեղումներ է թույլ տվել: ՍիվիլՆեթի հետ նրա զրույցից հատվածներ ներկայացված են ստորև:

Իմ մասնակցությունը ակցիային ինձ համար շատ կարևոր խորհուրդ ունի: Ես ինքս չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ ավտոբուս կամ երթուղային տաքսի նստել, բայց ես չեմ կարող անտարբեր նայել, թե ինչպես են ամեն օր ստորացնում մեր ազգին: Բավական է երկու անգամ մարդ տանես-բերես, նրանց հետ խոսես մեքենայիդ մեջ, ու լցվում ես բազմապիսի զգացմունքներով՝ զայրույթ, ուզում ես՝ լացես, ուզում ես՝ գնաս կռիվ անես, ինչ հնարավոր է, որովհետև չի կարելի ժողովրդի հետ այդպես վարվել: Քաղաքային տրանսպորտը հասարակական ենթակառուցվածքային ծրագիր է, և դրա նկատմամբ հասարակությունը իրավունք ունի 100-տոկոսանոց վերահսկողություն ունենալ:

Ես՝ որպես գործարար, փորձեցի հաշվել, թե այն հաշվարկները, որոնք քաղաքապետարանը ներկայացրել է, իսկապես հիմք ունե՞ն, թե՞ ոչ: Առաջին հայացքից շատ տպավորիչ, շատ համոզիչ են, բայց երբ խորանում ես ինչ-որ թվի մեջ, տեսնում ես որ, ասենք, յուրաքանչյուր թիվ իր մեջ անճշտություն է պարունակում և այդ անճշտությունների հանրագումարը դառնում է մի կլորիկ տոկոս ընդհանուրի մեջ, որը թույլ է տալիս խիստ կասկածով վերաբերվել: Մասնավորապես՝ երթուղիների երկարություններն են նշված, որոնք, երբ դնում ես Google Мap-ով չափում ես, էական տարբերություն է ստացվում՝ առնվազն մոտ 20%-ի: Նայում ես վառելիքի ծախսը 100 կմ-ի համար, հետո հանում ես ավտոբուսների կամ երթուղային տաքսիների վառելիքի ծախսը, նորից տեսնում ես, որ այդտեղ էլ մի 20%-ի տարբերություն կա: Այդ ամեն ինչի հանրագումարում, նույնիսկ մի շարք ծախսային հոդվածներին ձեռք չտալով, իմ հաշվարկներով ստացվում է, որ տրանսպորտի ինքնարժեքը 80 դրամ է՝ գուցե, ասենք, մեկ ուղևորի համար:

Ես համեմատական եմ անցկացրել ընդամենը քաղաքապետարանի տված հաշվարկների, որոնք ինտերնետում կան, և իրական հաշվարկների միջև՝ նույն ծախսերով: Նույնիսկ բազմաթիվ ծախսեր ընդհանրապես ընդունել եմ որպես ի գիտություն: Նրանք, որոնք քաղաքապետարանը տվել է, օրինակ, գրեթե բոլոր ֆիքսված ծախսերը՝ հաստատագրված վճարներ, վերադիր ծախսեր, նույնիսկ անվադողերի ծախսն եմ ընդունել նրանցը: Չեմ ընդունել ընդամենը վառելիքի ծախսը, երթուղու երկարությունը, և իհարկե բոլորս շատ լավ գիտենք ու շատ լավ տեսնում ենք, որ բոլոր ավտոբուսների վրա գովազդներ են փակցված: Ավտոբուսները նաև մարկետինգային եկամուտ ունեն, անվճար չէ կպցված այդ գովազդը, երթուղիների տերերը դրանից օգուտ ունեն: Դա լավ է և դա պետք է ուղղված լինի սակագնի իջեցմանը, ոչ թե լինի հավելյալ գերշահույթ:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և մասշտաբը՝ նման որոշումը պետք է անցներ ավագանիով: Դա չի եղել, եղել են ինչ-որ քննարկումներ… Ես կարծում եմ, որ նույնիսկ հանրապետական թևի մեջ հայ ժողովուրդը ունի պայծառ գլուխներ: Ես կոչ եմ անում նրանց՝ Սմբատ Լպուտյանին, Հովիկ Մուսայելյանին, որոնք իրենց կյանքում եղել են հաջողակ մարդիկ և կան հաջողակ մարդիկ, որպեսզի այս հարցը պահեն իրենց լուրջ ուշադրության կենտրոնում, որովհետև դա վերաբերում է յուրաքանչյուր հայ մարդու:

Ես մի ուղևորի էի տեղափոխում, որն ասաց, որ իրենք երկու աշխատող և երեք ուսանողից բաղկացած ընտանիք են: Այդ ուղևորի վրա 50 դրամի թանկացումը նստելու է առնվազն 15 հազ. դրամ ամսական: Դա փոքր գումար չէ, և եթե նրանք այդ գումարը պետք է վճարեն, ապա դա պետք է լինի խիստ հիմնավորված: Քաղաքապետարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նվազագույնի հասցնի այդ թանկացումը: Ես կարծում եմ, որ միգուցե կարիք կա նոր մրցույթ հայտարարել, կարող են լինել ավելի խելացի բիզնեսմեններ, ավելի նոր տեխնոլոգիաների տիրապետող կազմակերպություններ, որոնք կարող են հին սակագնով մարդկանց տեղափոխել:

Ընդհանուր առմամբ՝ հետընտրական շրջանի գների մասսայական բարձրացումը, որը յուրաքանչյուր դեպքում կարիք ունի նոր քննարկման, հանգեցրել է ժողովրդի արդար զայրույթին, որովհետև մարդիկ սկսել են էլ ավելի վատ ապրել: Մենք տեսնում ենք, թե ինչ ահագնացող տեմպերով է արտագաղթը: Իմիջիայլոց, իմ տեղափոխած բոլոր մարդիկ ունեին կիսված ընտանիքներ, բացառապես իմ բոլոր ուղևորները դրսում ունեն ընտանիքի անդամներ, ոչ թե հեռավոր բարեկամներ: Ընտանիքները կիսված են այսօր, և դա նրանից չէ, որ մարդիկ ուզում են գնալ: Հիմա Հայաստանում մնացել են մարդիկ, ովքեր հեչ չեն ուզում գնալ: Ես կարծում եմ՝ բոլոր նրանք, իսկ նրանք ամեն օր շատանում են, հետևողական են լինելու այս հարցում, որովհետև եթե նույնիսկ գների բարձրացումը անխուսափելի լինի, դա պետք է շատ մանրամասն, շատ համոզիչ կերպով հիմնավորված լինի ժողովրդի համար:

Քաղաքապետը ընդամենը չորս ամիս առաջ նախընտրական իր արշավի ընթացքում խոստացել էր, որ գների բարձրացում չի լինելու: Այս չորս ամսվա մեջ ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել: Եթե քաղաքապետը ազնիվ էր, ես չեմ կարծում, որ որևէ հիմք կա այսօր գին փոխելու, որովհետև այդ պահից սկսած մինչև այսօր գների էական փոփոխություն չի եղել:

Ես խորին համոզմունք ունեմ, որ քաղաքապետարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի գները չբարձրանան: Կրկնում եմ՝ առաջին հայացքից չնչին թվացող այդ 50 դրամը իրականում մարդկանց բյուջեներին խփում է էապես, և ակցիայի մասնակիցները հետևողականորեն հասնելու են նրան, որպեսզի քաղաքապետարանը չեղյալ համարի այդ որոշումը: Եթե պետք է, թող նոր տենդեր անցկացնի, եթե պետք է, թող լրացուցիչ միջոցներ գտնի, այլ տեղերից խնայողություններ անի, որպեսզի կարողանա ապահովել մատչելի և որակյալ հասարակական տրանսպորտ:

Անի Գրիգորյան

Մեկնաբանել