Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց. իրավիճակը թեժ է

Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիները ի թիվս այլ պահանջների` կոչ են անում պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանին:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, ակցիայի մասնակիցները սկզբում ցանկանում էին գլխավոր մուտքով մտնել քաղաքապետարանի շենք` իրենց դիմումը հանձնելու, իսկ ոստիկանները` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, հորդորում էին այն հանձնել «Մեկ պատուհանի» միջոցով: Ոստիկանները պատ էին կազմել և արգելում էին ակցիայի մասնակիցներին մուտք գործել քաղաքապետարան։

Վերջիններս չէին ենթարկվում այս կոչին: Ոստիկանները նշում էին, որ հասարակական կարգը խախտելու և օրենքին չենթարկվելու դեպքում քաղաքացիները կենթարկվեն պատասխանատվության: Ակցիայի մասնակիցները, իրենց հերթին, շարունակում էին պահանջել հանդիպում Տարոն Մարգարյանի հետ:

Ավելի ուշ սակայն փոխոստիկանապետի առաջարկով քաղաքացիները խումբ կազմեցին, որը նրա ուղեկցությամբ քաղաքապետարանի նամակների բաժին գնաց և հանձնեց նամակը։ Ոստիկանները շնորհակալություն հայտնեցին քաղաքացիներին նամակն այս կերպ հանձնելու համար:

Քաղաքացիները սակայն չեն շտապում հեռանալ: Ոստիկաններն ու քաղաքացիները զուգահեռ հայտարարություններ են անում։

Ակցիայի մասնակիցներից մեկն անժամկետ նստացույց է հայտարարել` մինչ իրենց պահանջները կկատարվեն: Հիշեցնենք, որ քաղաքապետը հուլիսի 25-ին կասեցրեց տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ իր որոշումը:

Քաղաքացիների դիմումը ներկայացված է ստորև:

  • Քաղաքապետի հայտարարությունից ակնհայտ է, որ քաղաքապետը և նրա աշխատակազմը՝ դրսևորելով ներուժի, կարողության և գիտելիքի պակաս, առանց համապարփակ սոցիալ-տնտեսական վերլուծության և այդ որոշումն ի կատար ածելու համար մշակված մեխանիզմների, ընդունել են տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշում: Ընդ որում, այդ որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների և առանց շահագրգիռ կողմերի իրական մասնակցության: Հետևաբար քաղաքապետը և որոշման կայացմանը մասնակցած բոլոր մյուս պաշտոնյաները, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
  • Մարդու հիմնարար սոցիալական իրավունքները ոտնահարող այս որոշման հետևանքով մի քանի օր շարունակ վնաս է պատճառվել հանրային տրանսպորտից օգտվող բազմաթիվ քաղաքացիների: Ուստի՝ պահանջում ենք հատուցել այս վնասը՝ հինգ օրվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող բոլոր քաղաքացիների համար ուղեվարձը սահմանելով 50 դրամ, որպես ավելորդ վճարված 50 դրամի փոխհատուցում: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ վարորդներին պատճառված բարոյահոգեբանական վնասի պատասխանատվութունը ևս կրում է քաղաքապետարանը:
  • Ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հայտարարության համաձայն՝ ուղեվարձի թանկացումը կապ չուներ գազի գնի բարձրացման հետ, իսկ այսօրվա հայտարարությամբ քաղաքապետը ուղեվարձի թանկացումը բացատրում է նաև գազի գնի թանկացմամբ: Այս հակասական հայտարարությունները հերթական անգամ փաստում են քաղաքապետարանի աշխատակազմի, մասնավորապես՝ Հենրիկ Նավասարդյանի և Տարոն Մարգարյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքային որակների կամ հանրությանը միտումնավոր խաբելու մասին: Ավելին, Հենրիկ Նավասարդյանի ընտանիքին է պատկանում Երևանում ուղևորափախադրում իրականացնող «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն: Այստեղ կա օրինախախտում, քանի որ տվյալ պաշտոնյան իր լիազորությունների շրջանակում գտնվող ոլորտում ունի մասնավոր շահ: Բացի այդ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ են հրահրել, իրենց լիազորությունները չարաշահել և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ են դրսևորել: Ուստի, հաշվի առնելով այս բոլոր փաստերը, պահանջում ենք անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին:
  • Պահանջում ենք, որպեսզի քաղաքապետը ներկայացնի իր որոշման ընդունման և կասեցման իրավական և տնտեսական հիմքերը, բացի այդ չեղյալ համարի որոշումը, ոչ թե կասեցնի այն:
  • Պահանջում ենք հրապարակել վերջին հինգ տարիների համար հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ֆինանսական հոսքերը, ծախսերը, եկամուտները, վճարված հարկերը: Ներկայացնել ոլորտը մասնավորեցնելուց հետո ընթացիկ և երկարաժամկետ արդյունավետության գնահատման արդյունքները:
  • Պահանջում ենք, որ այսուհետ քաղաքապետարանը հանրային համակեցություն համար կարևոր բոլոր հարցերում որոշումներ ընդունելիս ապահովի հանրության լայն շերտերի և բոլոր շահագրգիռ կողմերի իրական ու արդյունավետ մասնակցությունը:

Մենք առաջարկում ենք տրանսպորտի ոլորտի բարելաման համար ստեղծել պլատֆորմ, որը բացի վերոնշյալ պահանջներից, ներառում է նաև հետևյալ երկարաժամկետ նպատակները՝

  • Հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել և վերադարձնել հանրային սեփականությունը համայնքին:
  • Երևան քաղաքի տարածքում համալիր ու ինտեգրված հանրային տրասնպորտային համակարգ ստեղծել (վերգետնյա ու ստորգետնյա էլեկտրատրանսպորտ, ավտոբուս և միկրոավտոբուս), այլընտրանքային փոխադրամիջոցների ներառմամբ՝ մեկ միասնական ընկերության ստեղծումով:
  • Ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողության, որպեսզի նրանք մատուցեն արժանապատիվ, որակյալ, անվտանգ ու քաղաքակիրթ ծառայություններ ու այդ ընթացքում խստագույնս ապահովեն վարորդների և մյուս սպասարկող անձնակազմի արժանապատիվ աշխատանքի իրավունքն ու պայմանները:
  • Վարորդների անկախ արհմիությունների ստեղծում և հզորացում:

Կոչ ենք անում այս շարժման մեջ ներգրաված բոլոր շահագրգիռ կողմերին, խմբերին, ուժերին աշխատել վերոնշյալ պահանջների և նպատակների իրականացման ուղղությամբ:

Մեկնաբանել