Թունիսում գործադուլ է հայտարարվել ընդդիմադիր գործչի սպանությունից հետո

Թունիսում խոշորագույն արհմիությունը համընդհանուր գործադուլի կոչ է արել ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Մուհամադ Բրահմիի սպանությունից հետո, հաղորդում է BBC-ն։

Հուլիսի 26-ին չեղյալ են հայտարարվել Tunisair ավիաընկերության բոլոր չվերթները, ասված է ընկերության հայտարարությունում։

Մուհամադ Բրահմին, որը գլխավորում էր «Ժողովրդական շարժում» ընդդիմադիր ձախ ազգայնական կուսակցությունը, հուլիսի 25-ին սպանվել էր իր տան մոտ՝ մայրաքաղաք Թունիսում։ Սպանության պահին 58-ամյա Բրահմիի կողքին եղել են կինն ու երեխաները։ Նրա վրա կրակ են բացել անհայտ զինված մարդիկ։ Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած այս հանցագործության հետևում։

Բրահմիի սպանությունից հետո Թունիսի մի շարք խոշոր քաղաքներում ծայր են առել ցույցեր։ Ցուցարարները պահանջել են կառավարությանը հրաժարականը։ Լույս հուլիսի 26-ին ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ՝ ցույցերը ցրելու համար։

Վարչապետ Ալի Լարաեդը քննադատել է ընդդիմադիր գործչի սպանությունը, բայց հավելել է, որ դեմ է կառավարության հրաժարականին։

Սա Թունիսում ընդդիմադիր քաղաքական գործչի արդեն երկրորդ սպանությունն է այս տարվա սկզբից։ Փետրվարին իր տան մոտ սպանվել էր ընդդիմադիր Միավորված հայրենասեր-դեմոկրատների կուսակցությունը ներկայացնող Շուքրի Բելաիդը։ Նրա սպանությունն անկարգություններ էր առաջարցել երկրում և հանգեցրել էր վարչապետ Համադի Ջեբալիի հրաժարականին։

Մուհամադ Բրահմին «Ժողովրդական շարժում» կուսակցությունը հիմնել էր 2011թ․ հեղափոխությունից հետո։

Նա նաև հիմնադիր ժողովի (որին հանձնարարված է նոր Սահմանադրության մշակումը) անդամ էր։ Ժողովի հայտարարությունում ասված է, որ հուլիսի 26-ը կդառնա սպանված քաղաքական գործչի հիշատակման օր։

Մուհամադ Բրահմին ոչ այնքան կարևոր քաղաքական ֆիգուր էր, որքան Շուքրի Բելաիդը, սակայն նա նույնպես իշխող իսլամիստական «Ան Նահդա» կուսակցությունից ձախ էր կանգնած։

Ներկայում Թունիսի կառավարությունը բախվում է բնակչության՝ տնտեսական խնդիրներով, ինչպես նաև իսլամիստ-ֆունդամենտալիստների կողմից ծայրահեղականության ավելի հաճախակի դրսևորմամբ պայմանավորված աճող դժգոհությանը։

Մեկնաբանել