Էլեկտրաէներգիան թանկ է նստել

Վերջին չորս տարիներին արտադրող կայաններում սակագների բարձրացումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ձեռք բերվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում ավելացրել է թանկ էլէներգիայի մասնաբաժինը՝ ֆինանսական խնդիրներ ստեղծելով նաև ընկերության համար։ Անցած տարի ՀԷՑ-ի վնասները կազմել են Դ10,2 մլրդ, դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության կուտակային վնասը եղել է Դ34,6 մլրդ։ Բացի այդ՝ ընկերության ընթացիկ պարտավորությունները 2012թ. Դ17,67 մլրդ-ով գերազանցել են ընթացիկ ակտիվները։

ՀԷՑ-ը «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի պահանջով (խոշոր կազմակերպությունները, որոնց նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը գերազանցում է Դ500 մլն-ը, պարտավոր են հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվություններ) հրապարակել է 2012թ. ֆինանսական հաշվետվությունը՝ անկախ աուդիտորի եզրակացությամբ։

Փաստաթղթում Ernst and Young աուդիտորական կազմակերպությունը հատուկ ուշադրության պահանջող հարցերի թվում նշել է, որ ընկերությունը 2012թ. դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ընթացքում ունեցել է Դ10,19 մլրդ-ի զուտ վնաս։ «Բացի այդ՝ ընկերության ընթացիկ պարտավորությունները գերազանցել են ընթացիկ ակտիվները Դ17,67 մլրդ-ով, ինչպես նաև խախտվել են վարկային պայմանագրերի վարկային կովենանտները»,- ասվում է աուդիտորի եզրակացությունում։

Ըստ Ernst and Young-ի՝ այս պայմանները «այլ հանգամանքների հետ միասին վկայում են էական անորոշության առկայության մասին, որոնք կարող են կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»։

ՀԷՑ-ի ֆինանսական խնդիրներն առաջին հերթին պայմանավորված են վերջին չորս տարիներին արտադրող կայաններից ձեռք բերվող էլեկտրաէներգիայի թանկացումով և վերջնական սպառողների համար անփոփոխ սակագնով։ Բացի այդ՝ 2012թ. ՀԷՑ-ի կողմից ձեռք բերված էլեկտրաէներգիայի մոտ 12%-ը կազմել է Հրազդանի ջէկի արտադրած էլեկտրաէներգիան, որը ամենաթանկն է էներգետիկ համակարգում (Դ49,5/1 կՎտ/ժ)։ Այսպես՝ անցած տարի ընկերության հասույթն աճել է 4%-ով կամ Դ4,5 մլրդ-ով, այն դեպքում երբ գնված էլեկտրաէներգիայի ծախսերն ավելացել են 32%-ով կամ Դ19 մլրդ-ով։

Ընկերության համար ձեռքբերովի էլեկտրաէներգիայի թանկացումը հանգեցրել է նրան, որ եթե 2011թ. ՀԷՑ-ի գործառնական շահույթը կազմել է Դ14 մլրդ, ապա 2012թ. ընկերությունը կրել է Դ3 մլրդ-ի գործառնական վնաս։ Անցնող տարին Դ10 մլրդ վնասով փակելը է՛լ ավելի մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ 2011թ. տարեկան ֆինհաշվետվության մեջ ընկերությունը կանխատեսել էր, որ 2012թ. կունենան Դ6 մլրդ-ի զուտ շահույթ։

Մեկնաբանել