Առայժմ կթռչի միայն «Էյր Արմենիան»

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) հունիսի վերջին խոստացել էր «առաջիկա օրերին» հրապարակել հայաստանյան օդուղիների շահագործման թույլտվությունների մրցույթի հայեցակարգը և հայտարարել մրցույթները։ Մրցույթ հայտարարելու փոխարեն, սակայն, ՔԱԳՎ-ն «Էյր Արմենիա» ավիաընկերությանը օրերս վեց ուղղություններով թռիչքներ իրականացնելու ժամանակավոր թույլտվություն է տրամադրել։

ՍիվիլՆեթի հարցին, թե ինչով է պայմանավորված օդուղիների շահագործման մրցույթների ձգձգումը, ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը ասաց, որ հաշվի առնելով ընթացիկ խորհրդատվությունների փուլը, որն իրականացվում է McKinsey&Co, ինչպես նաև Ազգային մրցունակության հիմնադրամի կողմից, մրցույթի հայտարարումը որոշվել է հետաձգել մինչև այս գործընթացի ավարտը: «Մրցույթի հայտարարման ժամկետները ուղիղ կախվածության մեջ են խորհրդատվությունների գործընթացի ավարտից»,- ասաց ՔԱԳՎ-ի ներկայացուցիչը։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված է, որ վարչությունը որոշել է «Էյր Արմենիային» (հիմնադիրների թվում է Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանը) տրամադրել է ժամանակավոր լիցենզիա, Չերչինյանը նշեց, որ «Էյր Արմենիա» ավիաընկերության թույլտվությունները վեց ուղղություններով տրվել են համաձայն ավիաընկերության կողմից ներկայացված հայտի։ «Հաշվի առնելով մրցույթի հայտարարման ժամկետների հետաձգումը՝ «Էյր Արմենիա» ավիաընկերությանը տրամադրվել է ուղևորափոխադրումների իրականացման թույլտվություն»,- հավելեց Չերչինյանը։

Հարցին, թե արդյոք մեկ ընկերությանը թեկուզև ժամանակավոր թույլտվության տրամադրումը չի հակասում հունիսի 6-ին կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանի օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգին», Չերչինյանն նշեց, որ «համաձայն ներկայում գործող ընթացակարգի և հաշվի առնելով թույլտվությունների ժամանակավոր բնույթը, որը չի սահմանափակում այլ ավիաընկերությունների իրավունքները, որոշում է ընդունվել համապատասխան հայտատուին տրամադրել ուղևորափոխադրում իրականացնելու թույլտվություն, ինչն ամենևին չի հակասում նշված հայեցակարգին»։

Գործադիրը ավիափոխադրումների ազատականացման հայեցակարգը ընդունեց, երբ «Արմավիա» ավիաընկերությունը մարտի վերջին հայտարարեց թռիչքները դադարեցնելու ու սնանկացման գործընթաց նախաձեռնելու մասին։ Համաձայն այս փաստաթղթի՝ քաղավիացիայի օդուղիները բաժանվելու են երեք խմբի, հայտարարվելու են մրցույթներ, որոնց կարող են մասնակցել միայն հայկական ընկերություններ (Հայաստանում օդանավ շահագործելու լիցենզիա ունի տասնմեկ ընկերություն)։ Նախատեսվում է, որ թույլտվությունները կարող են տրվել մինչև հինգ տարի ժամկետով, որպեսզի արդարացված լինեն ավիաընկերությունների ներդրումները։ Ընդ որում՝ պետությունը չի պատրաստվում ավիաընկերությունների առջև որևէ պարտավորությունր ստանձնել՝ հետագայում հովանավորչական քաղաքականությունից խուսափելու համար։

Լուսանկարը` Jetphotos.net-ի

Մեկնաբանել