Թուրքիայում հայերի նկատմամբ «ցեղային գաղտնագիր» է կիրառվել

Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ դեռ 1923թ. «ցեղային գաղտնագիր» (կոդ) է կիրառվել: Այսպես` 1 թվով նշված են հույները, 2 թվով` հայերը, 3 թվով` հրեաները: Այս ամենի մասին օգոստոսի 1-ին գրել է «Ակօս» թերթը, որին անմիջապես անդրադարձել է թուրքական Radikal-ը` սկսելով հետաքննել հարցը:

Իրականությունը պարզ է դարձել այն բանից հետո, երբ Ստամբուլում հայ մայրը փորձել է իր որդուն հայկական դպրոց ուղարկել: Թուրքիայի ազգային կրթության նախարարության Ստամբուլի կրթական վարչությունը փաստաթուղթ է տրամադրել, որից էլ պարզ է դարձել մինչ այժմ անհայտ «ցեղային գաղտնագրի» գոյության մասին: Փորձ է արվել ճշտել այդ կնոջ «ցեղային գաղտնագիրը»: Եթե պարզվի, որ հայերի «ցեղային կոդը» երկուսն է, ապա նրա որդուն կտրվի հայկական դպրոց գնալու հնարավորություն:

Փաստաթղթից պարզ է դառնում, որ այն կիրառվել է 1923-ից և կապված է Լոզանի պայմանագրի հետ, ըստ որի` հայերը, հույներն ու հրեաները ճանաչվում էին որպես Թուրքիայի ազգային փոքրամասնություն: Հետագայում այս մասին Radikal-ին հայտնել է նաև մի թուրք պաշտոնյա:

«Ցեղային կոդը» գաղտնի պահվում է բնակչության գրանցամատյաններում և ներկայացվում է միայն պետական որևէ կառույցի պահանջի դեպքում:

Մեկնաբանել