Հայ-թուրքական սահմանին թուրք հովիվ է սպանվել

Հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանին` Կարսի Աքյաքա գյուղի շրջակայքում, թուրք հովիվ է սպանվել, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:

Թուրքական աղբյուրների հաղորդմամբ` 35-ամյա Մուստաֆա Ուլքերը սպանվել է այն բանից հետո, երբ փորձել է սահմանը հատած ոչխարին հետ բերել: Թուրքական աղբյուրները հավաստում են, թե հայկական կողմն այժմ ցանկանում է հետ վերադարձնել սպանված հովվին, և սահմանին բանակցություններ են ընթանում:

Թեև թուրքական լրատվամիջոցները գրում են, թե հովվին սպանել են հայ զինվորները, սակայն հայտնի է, որ հայ-թուրքական սահմանի վերոնշյալ հատվածը հսկում են ռուսական սահմանապահ ուժերը:

Թուրքական Doğan գործակալությունն էլ անդրադարձել է այս կապակցությամբ Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեի արած հայտարարությանը: Կարսի նահանգապետն ասել է, որ հայկական կողմն անհամարժեք ուժ է կիրառել սահմանը հատած հովվի նկատմամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան նշեցին, որ տեղեկությունների համար պետք է դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Վերջինիս լրատվական ծառայությունում էլ նշեցին, որ անհրաժեշտ մեկնաբանությունների համար պետք է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն:

Վերջինիս սահմանապահ վարչության ներկայացուցիչը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց, որ հայ-թուրքական սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Նրա խոսքով` ներկայում հանգամանքները պարզվում են, և լրացուցիչ տեղեկությունների դեպքում պարզաբանում կներկայացվի:

Մեկնաբանել