Ոստիկաններն արգելում են քաղաքապետարանի դիմաց վրանի տեղադրումը

«Վճարենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության «Արժանապատիվ նստացույց մեր ընկերներին» ֆեյսբուքյան խմբի անդամները ժամը 12:00-ից փորձում են Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող իրենց ընկերների համար վրան տեղադրել: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, ոստիկանները սակայն արգելում են վրանի տեղադրումը` նշելով որ այն անօրինական է: Երիտասարդները, իրենց հերթին, ընդդիմանում են` վկայակոչելով վրանի տեղադրման վերաբերյալ օրենքի կետերից մեկը:

Ոստիկանները բերման են ենթարկել նաև վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով` Կիվիրյանը վարչական պատասխանատվության կենթարկվի:

Վրանի տեղադրման փորձերի ժամանակ Օսիպյանն անձամբ քաշել է այն` թույլ չտալով տեղադրումը:

Այս պահին իրավիճակը քաղաքապետարանի մոտ լարված է: Ոստիկանների թիվն ավելանում է: Քաղաքացիներն ու իրավապահ մարմինները քաշքշում են միմյանց: Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է:

Երիտասարդներն ավելի վաղ հաղորդագրություն էին տարածել` նշելով, որ վրանի տեղադրմամբ փորձ է արվելու տարրական պայմաններ ստեղծել երիտասարդների նստացույցի համար:

Հուլիսի 26-ից Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականների պահանջով անժամկետ նստացույց են հայտարարել:

Մեկնաբանել