Սնոուդենը լքել է «Շերեմետևո» օդանավակայանը

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը լքել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը և ուղևորվել է ժամանակավոր կեցության վայր՝ թե կոնկրետ ուր՝ չի հաղորդվում։ Փաստաբան Անատոլի Կուչերենան, որը կամավոր հիմունքներով օգնություն է ցուցաբերում ԿՀՎ նախկին աշխատակցին, BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում ասել է, որ Սնոուդենի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն չի հրապարակվելու՝ նրա անձնական անվտանգության նկատառումներով։

ԿՀՎ նախկին աշխատակիցը Ռուսաստանի տարածքում մեկ տարի ժամկետով ժամանակավոր ապաստան ստանալու մասին հավաստագիր է ստացել։

«Ես հենց նոր նրան եմ փոխանցել Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայության փաստաթղթերը։ Դրանք նրանք թույլ կտան լքել տարանցիկ գոտին»,- հայտարարել է Կուչերենան՝ հստակեցնելով, որ Միգրացիոն դաշնային ծառայության փաստաթղթերը Սնոուդենին թույլ են տալիս տեղաշարժվել Ռուսաստանում, բայց ոչ նրա սահմաններից դուրս։

Սնոուդենը «Շերեմետևոյի» տարանցիկ գոտում էր գտնվում այս տարվա հունիսի 22-ից։ Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստանալու ցանկության մասին նա հայտարարել էր հուլիսի 12-ին՝ «Շերեմետևոյի» E տերմինալում իրավապաշտպաների հետ հանդիպման ընթացքում։

Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը միջազգային ճանաչվածություն ստացավ ամերիկյան հատուկ ծառայությունների մասին գաղտնի տեղեկությունների հրապարակումից հետո։ ԱՄՆ-ը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ և ձգտում է հասնել նրա արտահանձնմանը։ Հայրենիքում Սնոուդենին մեղադրում են լրտեսության մեջ։

Ավելի վաղ Միացյալ Նահանգները Ռուսաստանից պարզաբանում էր պահանջել ԿՀՎ նախկին աշխատակցի կարգավիճակի ցանկացած փոփոխության կապակցությամբ։

Մեկնաբանել