Ռոբերտ Մուգաբեն 7-րդ անգամ ընտրվել է Զիմբաբվեի նախագահ

Զիմբաբվեի ընտրական հանձնաժողովը Ռոբերտ Մուգաբեին հայտարարել է՝ որպես նախագահական ընտրությունների հաղթող, հաղորդում է BBC-ն: Պաշտոնական տվյալների համաձայն՝ նա ստացել է ձայների ավելի քան 60%-ը: Ընդդիմությունը բողոքարկում է այս արդյունքները և հայտարարում բազմաթիվ խախտումների մասին:

Մուգաբեն, որ 89 տարեկան է, յոթերորդ անգամ է դառնում Զիմբաբվեի նախագահ:

Ըստ Ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ Մուգաբեն ստացել է ձայների 61%-ը, իսկ վարչապետ Մորգան Ցվանգիրաին, որը նաև ընդդիմադիր «Հանուն ժողովրդավարական փոփախությունների շարժում» կուսակցության առաջնորդն է` 34%:

Ցվանգիրաին հայտարարել է, որ թե′ նախագահական, թե′ խորհրդարանական ընտրություններն անցել են խախտումներով և խոստացել բողոքարկել դրանց արդյունքները դատարանում: Նա նաև հավելել է, որ դուրս է գալիս Մուգաբեի կուսակցության հետ կազմած կոալիցիայից:

Երկրի երկու գլխավոր կուսակցությունները կոալիցիա էին կազմել, երբ նախորդ՝ 2008թ. նախագահական ընտրությունները Զիմբաբվեում բռնությունների ալիք էին բարձրացրել:

Ռոբերտ Մուգաբեն երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1987թ.-ից: 1980թ., երբ Զիմբաբվեն անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից, նա դարձավ երկրի վարչապետ:

Մեկնաբանել