ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 9-ը

Վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 5-ին սկսեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով բողոքի քննությունը:

Դատական նիստում վերաքննիչ բողոքով հանդես եկավ գործում որպես պաշտպան ներգրավված Մուշեղ Շուշանյանը: Նա վերահաստատեց նախորդ փաստաբանի բողոքը՝ նշելով, որ գործն ունի քաղաքական դրդապատճառներ: Ելույթով հանդես եկան նաև ամբաստանյալները:

Մեղադրող կողմը հրաժարվեց ելույթ ունենալ` պատճառաբանելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից որոշումը բեկանելուց հետո համապատասխան փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա, և դատախազն այսօր պատրաստ չէ:

Այնուհետև դատարանը սկսեց տուժողների հարցաքննությունը: Հարցաքննվեց ոստիկաններից մեկը:

Դատական նիստը հետաձգեց մինչև օգոստոսի 9-ը:

Ի դեպ` մինչ դատարանի ներսում ընթանում էր քննություն, Վերաքննիչի առջև մի խումբ քաղաքացիներ պահանջում էին ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստներին:

Ավելի վաղ դատարանը մերժել էր ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու և նրան ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը: Մյուս կողմից` դատարանը բավարարել էր վկաներին հարցաքննության կանչելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը:

Մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը` քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, որոշել էր ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների բողոքը բավարարել մասնակի, բեկանել վերաքննիչ դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2012թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման` 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանների հետ վիճաբանության պատճառով:

2012թ. նոյեմբերի 13-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատավճիռը բեկանելու դիմումը:

Մեկնաբանել