ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ է նշանակել

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին օգոստոսի 5-ին հայտարարել է Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու որոշման մասին, տեղեկացնում է Սպիտակ տան կայքը:

Պետքարտուղարի հայտարարությունում մասնավորապես ասված է. «Դեսպան Ուորլիքն այս պաշտոնում իր հետ բերում է եվրոպական և եվրասիական հարուստ փորձ: Մինչև վերջերս Ջեյմս Ուորլիքը եղել է Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի տեղակալը, եղել է նաև գլխավոր բանակցողը Աֆղանստանի հետ երկկողմանի անվտանգության համաձայնագրի մշակման ու ստորագրման բանակցություններում: 2009-2012 թթ. Ուորլիքը ծառայել է Բուլղարիայում իբրև Միացյալ Նահանգների դեսպան, իսկ 2006-2009 թթ. աշխատել է որպես Միջազգային կազմակերպությունների հարցերով բյուրոյում ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալ: 2005-2006 թվականներին Ջեյմս Ուորլիքը ծառայել է Պետդեպարտամենտում՝ որպես Եվրոպական անվտանգության և քաղաքական հարցերով բյուրոյի տնօրեն»:

Ջոն Քերին նաև հայտարարել է, թե Ուորլիքն առաջնակարգ դիվանագետ է, և վստահություն հայտնել, որ դիվանագետն այս կարևոր պաշտոնում հրաշալի աշխատանք կկատարի:

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները մնում է հաստատակամորեն հավատարիմ կողմերին և համոզված է, որ կողմերը կհասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ կարգավորման:

Իր հայտարարության մեջ ԱՄՆ-ի պետքարտուղարը նշում է նաև, որ հունիսի 18-ին իրենց հայտարարության մեջ նախագահներ Օբաման, Պուտինը և Օլանդը կոչ են արել կողմերին նոր եռանդով կենտրոնանալ չլուծված հարցերի վրա՝ նշելով, որ ղեկավարները պետք է պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»: «Դեսպան Ուորլիքն ունի իմաստնություն, դատողություն և փորձառություն՝ օգնելու կողմերին այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Քերին:

Ջեյմս Ուորլիքն իր պաշտոնը կստանձնի սեպտեմբերից: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նա կփոխարինի Ռոբերտ Բրադկեին: Մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Յան Քելին:

Մեկնաբանել