Թուրքական պետությունը չի մոռացել քո հայ լինելը…

Լոզանի պայմանագրով շատ հստակ սահմանված է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների (հայ, հույն, հրեա) սեփական դպրոց, եկեղեցի, այլ հասարակական կառույցներ ու կալվածքներ ունենալը, ղեկավարելը, պահպանելն ու զարգացնելը:

Լոզանի պայմանագրով շատ հստակ սահմանված է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների (հայ, հույն, հրեա) սեփական դպրոց, եկեղեցի, այլ հասարակական կառույցներ ու կալվածքներ ունենալը, ղեկավարելը, պահպանելն ու զարգացնելը: Պետությունը պարտավոր էր նյութական աջակցություն ցուցաբերել ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանմանն ուղղված ջանքերին, մասնավորապես՝ ազգային կրթական հաստատություններին, մամուլին:

Ամրագրված է օրենքի առաջ հավասար լինելու, քաղաքական իրավունքներից օգտվելու, ազատ տեղաշարժվելու, իր լեզուն պահպանելու և օգտագործելու, ցանկացած պետական և ոչ պետական կառույցում աշխատելու և աշխատանքի ժամանակ ոտնձգություններից ու ճնշումներից պաշտպանվելու իրավունքը:

Կարճ ասած Լոզանի պայմանագիրը, հակառակ որոշ թուրքերի և հայերի կարծիքի, ոչ թե արտոնություններ է ընձեռում, այլ հայերին հնարավորություն է տալիս 1915-ից հետո իրավահավասար քաղաքացիներ լինել Թուրքիայում՝ այսինքն «թուրքերին արգելում է ուտել հայերին»:

Թուրքիայում որևէ գրված օրենք չկա հայերին պետական աշխատանքի՝ աղբահավաքից մինչև նախարար, զինվորական ծառայության՝ բացառությամբ պարտադիր զորակոչային, չընդունելու, սակայն տասնամյակներ շարունակ կիրառվել է չգրված օրենքը, որի համաձայն հայերը զերծ են մնացել պետական կյանքին մասնակցությունից: Ավելի ուշ արդեն հայերը նույնիսկ չէին էլ դիմում պետական պաշտոնների համար:

Զարմանալի չէ, որ թուրք հասարակության լայն շրջանակներում դեռ մութ է, որ հայերը չեն կարող որևէ պետական պաշտոն զբաղեցնել: Երբ ես հայերի գաղտնի կոդավորման բացահայտումից առաջ ներկայացնում էի նման սահմանափակումների առկայությունը, իմ թուրք ընդիմախոսները թերահավատությամբ հերքում էին նման հնարավորությունը՝ «հիմնավորելով», որ դա հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, և պետությունը՝ հանձինս չինովնիկների, չի կարող տեղեկանալ մարդու ազգության մասին:

Հատկանշական է, որ ես կոնկրետ օրինակներից բացի, սկսեցի փաստեր բերել պետության կողմից հայ քաղաքացիների ընդհանրական նույնականացման մասին՝ նշելով հայերի անձնագրերի սերիայի սկզբի 31 թվանշանի առկայությունը: Ինձ չհավատացողներից մեկը, որ Մալաթիայից էր, գրպանից հանեց սեփական անձնագիրը և հայտարարեց, որ ինքը թուրք է, իր ընտանիքում թուրքեր են, սակայն իր անձնագրի համարը ևս սկսում է 31-ով, ինչը վկայում է իմ անտեղյակության կամ զրպարտության մասին: Չկարողանալով զսպել վրդովմունքս, նրան խորհուրդ տվեցի ուսումնասիրել սեփական ընտանիքի արմատները: Կարճ ժամանակ անց «զտարյուն թուրքն» ինձ տեղեկացրեց, որ իր պապն ապրել է Մալաթիայի հայկական գյուղերից մեկում….

Բազմաթիվ «զտարյուն թուրքեր» վերջին տարիներին չեն ընդունվում պետական ծառայության տարբեր անհեթեթ պատճառաբանություններով կամ առանց որևէ բացատրության: Պատահաբար կամ թերի ուսումնասիրությունից հետո զինվորական վարժարան ընդունված որոշ կուրսանտներ կարճ ժամանակ անց առանց պատճառի դուրս են մնում, իսկ ամենադաժանը բանակ զորակոչված «թուրք» երիտասարդի համար այն հայտնությունն է, որ իր հանգուցյալ սիրելի Այշե տատիկի իսկական անունն Աղավնի է եղել և այդ պատճառով նրան մի քանի ամիս անիմաստ հարցաքննում են ռազմական ոստիկանությունում: Արդյունքում նա դժվարանում է ասել, ո՞րն է ավելի ծանր՝ հարցաքնություննե՞րը, թե՞ տատիկի հայ լինելու բացահայտումը:

Հայերի կոդավորումը Թուրքիայում այնքան էլ մեծ հարված չէր ազգային ինքնագիտակցությամբ օժտված թուրքահայերի համար, սակայն դա սարսափելի հարված է այն թուրքերի համար, որոնց հայ նախնիները մահից փրկվելու համար ընտրել են դավանափոխությունը և անցյալը լիովին մոռանալու ճանապարհը:

Նրանք փորձում էին հայկական ինքնությունից ազատվել՝ հաճախ դրսևորվելով ավելի իսլամապաշտ ու ազգայնական, քան միջին էթնիկ թուրքը, և իրենց ուսերի բեռը նոր սերնդին չփոխանցելու համար տարան իրենց հետ գերեզման, որպեսզի իրենց թոռներն ու ծոռներն ապահով կյանք ունենան: Սակայն նրանք հաշվի չէին առել իթթիհադական գաղափարախոսության վրա հիմնված պետության ամենակարևոր սկզբունքը՝ «հայը վտանգավոր է», նա նույնիսկ կարող է մոռանալ իր ազգային ինքնությունը, իսկ պետությունը պարտավոր է միշտ հիշել և հարկ եղած դեպքում հիշեցնել, ինչը և արվում է մինչ այժմ:

Մեկնաբանել