Կվերականգնվի Կապսի ջրամբարը

Կառավարությունն օգոստոսի 8-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KFW) միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված է Շիրակի մարզում, Ախուրյան գետի վրա գտնվող Կապսի ջրամբարի վերականգնմանը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, ջրամբարը պետք է ունենար 60 մլն խմ ծավալ, սակայն 1985թ. սկսված շինարարությունը դադարեցվեց 1993թ., երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի: Նշվում է, որ անավարտ շինությունը վտանգավոր է ստորին հոսանքում գտնվող բնակավայրերի և ենթակառուցվածքների համար: Միաժամանակ` ջրամբարը կարող է նպաստել տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը, ուստի դիտարկվել են դրա վերականգնման տարբերակներ:

Գերմանական KfW բանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել Կապսի ջրամբարի պատվարի կառուցումն ավարտին հասցնելուն, ուստի նախագծի կազմման մրցույթ է հայտարարվել: Ծրագրի իրականացումը կարժենա €18,5 մլն, որի վարկային միջոցներն արդեն իսկ նախատեսված են երկկողմ համաձայնագրով: Այժմ գերմանական բանկը պատրաստ է €350 հազ. դրամաշնորհով իրականացնել նպատակային ուսումնասիրություն` մինչև ծրագրի հիմնական փուլի մեկնարկը:

Մեկնաբանել