Կահիրեի բախումներում իրավապահներ են զոհվել

Օգոստոսի 14-ի առավոտյան եգիպտական ոստիկանությունը ցրել է Կահիրեի համալսարանի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին: Երկրի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները փախուստի են դիմել և թաքնվել մերձակայքի փողոցներում, բուլդոզերները ներկա պահին վերացնում են դատարկ վրանները, հաղորդում է Al Jazeera-ն:

Եգիպտոսի առողջապահության նախարարության՝ օգոստոսի 14-ի հայտարարության մեջ ասված է, որ «օտարերկրյա լրատվամիջոցների տեղեկատվությունը 15 սպանվածի մասին չի համապատասխանում իրականությանը»: Գերատեսչության փոխանցմամբ՝ ներկա դրությամբ հաստատված է հրազենային վնասվածքներից ոստիկանության մեկ սպայի և մեկ շարքայինի մահը: Մինչդեռ իսլամիստներն արդեն հայտարարել են 30 զոհի մասին:

Անցյալ գիշեր Կահիրեում բախումներ են եղել «Մուսուլման եղբայրների» և իրավապահների միջև: Եգիպտական հեռուստաալիքների հաղորդմամբ՝ իսլամիստները զենքերի տարբեր տեսակներով կրակ են բացել ոստիկանների վրա: Օգոստոսի 13-ի երեկոյան բախումներում զոհվել է մեկ մարդ, տասնյակները վիրավորվել են: Անկարգությունների էպիկենտրոնը Կահիրեի համալսարանի մոտակայքում գտնվող Ֆեյսալ փողոցն էր, որտեղ «Մուսուլման եղբայրները» բողոքի երթ էին կազմակերպել: Ականատեսների խոսքով՝ տեղացիները նրանց վրա են նետել պլաստիկե դատարկ շշեր, ինչին ի պատասխան՝ իսլամիստները կրակ են բացել: Նախօրեին իսլամիստները հարձակում են գործել նաև կառավարական մի քանի հաստատությունների վրա:

Մեկնաբանել