Բաքուն պատասխանում է Սերժ Սարգսյանին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը Newtimes.az-ի հետ զրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի օրերս արված այն հայտարարությանը, թե Հայաստանի համար ամենաձեռնտուն կլիներ Իլհամ Ալիևի հաղթանակը հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

«Հատկանշական է, որ Հայաստանի նախագահի յուրահատուկ արշավը գրավում է Ադրբեջանում ոմանց ուշադրությունը: Միթե նրանց հայտնի չէ, որ Սարգսյանը երբեք անկեղծ չի արտահայտվում Ադրբեջանի մասին: Սակայն հարցը դա չէ: Այն ժամանակ, երբ ընդդիմությունը զբաղվում է «դոնկիխոտությամբ», Հայաստանի նախագահը կոնկրետ նպատակներ է հետապնդում: Առաջին հերթին Սարգսյանը աշխարհին ուզում է ասել, թե իբր Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ ինքը՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ: Սակայն բոլորին քաջ հայտնի է, թե ինչ ճանապարհով է ընտրվել Հայաստանի գործող նախագահը»,- ասել է Նամազովը:

«Երկրորդ՝ Սարգսյանը փորձում է համոզել սեփական հասարակությանը, որ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Սակայն դա սուտ է: Ադրբեջանի 20 տոկոս տարածքներն ավելի քան 20 տարի օկուպացիայի տակ պահող երկրի նախագահի նման անհեթեթ հայտարարությունները, բնականաբար, հետաքրքիր կարող են թվալ միայն նրանց, ովքեր կանխակալ դիրքորոշում են դրսևորում այս հարցի նկատմամբ»,- շարունակել է Մամեդովը:

Սերժ Սարգսյանը օրեր առաջ բացատրել էր, թե ինչու է ձեռնտու Իլհամ Ալիևի հաղթանակը նախագահական ընտրություններում. «Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող Նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է՝ հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ՝ մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»:

Մեկնաբանել