Կոմիտաս 5-ի բնակիչները կրկին ահազանգում են

Կոմիտասի 5 հասցեում գտնվող շենքերի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 21-ին, կրկին բողոքում են իրենց բակում շինարարության վերսկսման դեմ: Նրանց խոսքով՝ առավոտյան ժամը 6-ից շինտեխնիկա է մտցվել բակ, շինարարները կրկին սկսել են աշխատել:

Առավոտվանից շինհրապարակում են գտնվում նաև ոստիկաններ, որոնք խոչընդոտում են բնակիչների մուտքը շինհրապարակ:

Բնակիչները նպատակ ունեն կանգնեցնել շինարարությունը, քանի որ այն խանգարում է իրենց հանգստին և նույնիսկ վնաս պատճառում բնակարաններին՝ առաջացնելով ճաքեր պատերին:

Բնակիչների խոսքով՝ թեև նախագծով պետք է կառուցվի ցածրահարկ շենք, սակայն իրականում կառուցվելու է 12 հարկանի շինություն, որը կփակի մյուս շենքերի արևի լույսը:

Բնակիչները նաև բողոքում են, որ այդ շենքի կառուցման հետևանքով շտապօգնության և հրշեջ մեքենաները անհրաժեշտության դեպքում չեն կարող մոտենալ տներին:

ՍիվիլՆեթի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ դիմել են քաղաքապետարան և այլ պատկան մարմինների, սակայն դեռևս ոչ մի արձագանք չկա:

Մեկնաբանել