Մեծ Բրիտանիան չի մասնակցի Սիրիայում ռազմական օպերացիային

Բրիտանական խորհրդարանը օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը մերժել է վարչապետ Դևիդ Քեմերոնի առաջարկը Սիրիայում հնարավոր ռազմական օպերացիային մասնակցելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:

Կառավարության նախաձեռնության դեմ քվեարկել է Համայնքների պալատի 285 պատգամավոր, կողմ հանդես են եկել 272-ը:

Քվեարկությունից հետո վարչապետ Քեմերոնը հայտարարել է, որ ակնահյտ է դարձել Սիրիայում որևէ ռազմական գործողություններ սկսելու հարցում խորհրդարանի դժկամությունը:

Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը BBC Newsnight հեռուստահաղորդման ժամանակ հաստատել է, որ Մեծ Բրիտանիան չի մասնակցելու Սիրիայում ռազմական օպերացիային:

ԱՄՆ-ն, այդուհանդերձ, ակնարկել է, որ նախկինի պես պատրաստ է գործողություններ ծավալել Սիրիայում՝ անգամ առանց Բրիտանիայի մասնակցության, սակայն շարունակելու է խորհրդակցել Լոնդոնի հետ, որը մնում է Վաշինգտոնի «ամենամտերիմ դաշնակիցն ու բարեկամը»:

«Որոշում ընդունելիս նախագահ Բարաք Օբաման առաջնորդվելու է ԱՄՆ-ի շահերով», – ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Մեկնաբանել