Կոնգրեսին կառաջարկեն Սիրիայում գործողությունը սահմանափակել 60 օրով

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 3-ին Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծ է ներկայացրել, հաղորդում է Reuters-ը։ Նախագծով առաջարկվում է Սիրիայում ռազմական գործողությունը սահմանափակել երկու ամսով։

Նախագիծը, որն առաջարկել են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Բոբ Քորքերը, նախատեսում է անհրաժեշտության դեպքում գործողության երկարաձգում մեկ ամսով։ Բացի այդ՝ հանձնաժողովն առաջարկել է արգելք սահմանել Սիրիայում ցամաքային գործողության իրականացման նկատմամբ։

Սեպտեմբերի 3-ին՝ ավելի վաղ, ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների առաջնորդներն աջակցություն էին հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Սիրիային հարված հասցնելու որոշմանը։ Այս մասին հայտարարել էին Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները և ստորին պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին։ Բացի այդ՝ սիրիական ճգնաժամին ռազմական միջամտությանը կողմ են հանդես եկել Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Էրիկ Կանտորը, ինչպես նաև Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Կառլ Լևինը։

Սիրիային ռազմական հարվածի հասցնում արտոնող բանաձևի քվեարկությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետք է տեղի ունենա սեպտեմբերի 4-ին։ Հանձնաժողովի հավանությունը ստանալու դեպքում ԱՄՆ-ի Կոնգրեսը այն կքննարկի պալատների համատեղ նիստում։ Դա տեղի կունենա սեպտեմբերի 9-ից ոչ շուտ, երբ Կոնգրեսի անդամները կվերադառնան արձակուրդից։

Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշման մասին Բարաք Օբաման հայտարարել էր օգոստոսի 31-ին։ Օբաման, սակայն, չէր օգտվել Սիրիային հարվածելու վերաբերյալ ինքնուրույն որոշում ընդունելու իրավունքից և հայցել էր Կոնգրեսի հավանությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին հայտնի դարձավ Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին։ Քիմիական հարձակման հետևանքով Դամասկոսի արևելյան արվարձանում՝ Ղուտայում, զոհվեց ավելի քան մեկուկես հազար մարդ։ Սիրիայի իշխանություններն ու ապստամբները կատարվածի պատասխանատվությունը գցեցին միմյանց վրա։

Պարզելու համար, թե ով է կանգնած Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման հետևում, Սիրիա մեկնեցին ՄԱԿ-ի փորձագետները։ Օգոստոսի 31-ին նրանք լքել են երկիրը, սակայն նրանց աշխատանքների արդյունքներն առայժմ չեն հրապարակվել։

Մինչդեռ ԱՄՆ-ը և արևմտյան մյուս երկրները քիմիական հարձակման մեջ մեղադրեցին Սիրիայի կառավարական զորքերին և հայտարարեցին ռազմական միջամտության անհրաժեշտության մասին՝ քիմիական զենքի հետագա կիրառումը կանխելու համար։ Պաշտոնական Դամասկոսը հերքում է այս մեղադրանքները՝ հայտարարելով, որ դիմադրություն կցուցաբերի ցանկացած ագրեսորի։

Մեկնաբանել