Նալբանդյանը Վիլնյուսում հանդիպել է պաշտոնակցին

Նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովում նախատեսված էր, որ Հայաստանը ԵՄ-ի հետ կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը և Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը: (Photo: mfa.am)

Սեպտեմբերի 7-ին Վիլնյուս աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպական Միությունում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը:

«Նախարարներն անդրադարձան Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը և այդ համատեքստում հանգամանալից քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացումը։

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի, և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։

Նախարարները համակարծիք էին, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած արդյունքների վրա»,- նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Լիտվայի ԱԳՆ-ն, որտեղ նշված է, որ Լինկևիչուսը անհամատեղելի է համարել Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցությունը և ԵՄ-ի խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալը։

Նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովում նախատեսված էր, որ Հայաստանը ԵՄ-ի հետ կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը և Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը: Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը անսպասելի հայտարարեց Հայաստանի՝ Ռուսաստանի ղեկավարած Մաքսային միությանը միանալու որոշման մասին:

Հայաստանը Եվրոպական Միության հետ բանակցում էր շուրջ չորս տարի: Հուլիսին ԵՄ հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երևանում հայտարարեց, որ երկու համաձայնագրերն արդեն պատրաստ են նախաստորագրման համար:

Մեկնաբանել