Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահը ազատ են արձակվել

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Վերոգրյալը հիմք ընդունելով սեպտեմբերի 7-ին որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

ՊՆ քննչական ծառայությունը նաև պարզաբանում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263 հոդվածի կարգով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, դրանց պատճենն ստանալուց 7 օրվա ընթացքում մեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների, նրանց ներկայացուցիչների կողմից կարող են բողոքարկվել վերադաս դատախազին:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմացի հատվածում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Սպանության փաստով ձերբակալվել են Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Արտակ Բուդաղյանին Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով:

Մեկնաբանել