PKK-ն դադարեցնում է իր զինյալների դուրսբերումը Թուրքիայից` պահպանելով զինադադարը

Քուրդ զինյալները չեն լքի Թուրքիայի տարածքը, սակայն զինադադարը կպահպանվի, հայտարարել է Քրդստանի համայնքների միության ղեկավարությունը (KCK), հաղորդում է Bianet-ը:

Միության տարածած հայտարարության համաձայն` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայի ժողովորդավարության և քրդական հարցի լուծման ուղղությամբ որևէ քայլ չի իրականացնում, այդ պատճառով էլ քուրդ զինյալները չեն հեռանա Թուրքիայից: Միաժամանակ` նա հայտարարել է, որ քուրդ զինյալները ռազմական գործողություններ չեն իրականացնի և չեն խախտի զինադադարը:

Պահպանելով Թուրքիայի հետ ձեռք բերված զինադադարը և չդիմելով կտրուկ քայլերի` PKK-ն, այնուհանդերձ, հույս ունի, որ կառավարությունը քրդական հարցի լուծմանն ուղղված քայլեր կձեռնարկի:

Ուշագրավ է, որ ըստ KCK-ի հայտարարության` եթե Թուրքիան դառնա իսկական ժողովրդավարական երկիր, ապա հարցը կլուծվի:

Թուրք-քրդական հաշտեցման գործընթացը սկսվել է 2013թ. մարտի 21-ին, երբ PKK-ի հիմնադիր և քուրդ ժողովրդի առաջնորդ հռչակված Աբդուլլահ Օջալանը զինադադար հայտարարեց և կոչ արեց քուրդ զինյալներին հեռանալ երկրից: Այժմ թուրքերը պահանջում են, որ PKK-ն դուրս բերի իր բոլոր զինյալներին, իսկ քրդերն ասում են, թե այդպիսի պայմանավորվածություն չկա և քայլ կատարելու հերթը կառավարությանն է:

Մեկնաբանել