«Ակօսի» թղթակցի նկատմամբ մահվան սպառնալիքը` խոսքի ազատության դրսևորում

Անկարայի առաջին ատյանի 12-րդ դատարանը վճռել է «Ակօսի» թղթակից Բասքըն Օրանին ուղղված հայհոյանքներ և մահվան սպառնալիքներ պարունակող նամակը համարել խոսքի ազատության դրսևորում: Անկարայի դատարանն այդ պատճառաբանությամբ հետաձգել է դատական նիստը:

2008թ. մայիսի 30-ին «Ակօսի» թղթակից Բասքըն Օրանն իր էլեկտրոնային հասցեին «Թուրք վրիժառուների բրիգադի» անունից նամակ էր ստացել: Նամակում նշվում էր, որ «Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքից հետո գալու է նրա հերթը, և «քանի դեռ գործում է «Թուրք վրիժառուների բրիգադը», նա չի կարող հանգիստ քնել»: Վիրավորանք ու հայհոյանք պարունակող նամակում ընդգծվում է, որ Բասքըն Օրանը շուտով զոհ է գնալու կազմակերպության վրիժառությանը: Նմանատիպ մի նամակ էլ ուղարկվել էր «Ակօս» թերթի էլեկտրոնային հասցեին:

Երկու տարի անց սակայն բացահայտվում է նամակի հեղինակի ինքնությունը: Մերսինի բնակիչ Բիլալ Շեքերլիսոյի նկատմամբ քրեական գործ է հարուցվում, և Ադանայի դատախազությունը պահանջում է «Թուրք վրիժառուների բրիգադ» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցչին դատապարտել 7,5 տարվա ազատազրկման: Սակայն գործը տեղափոխվում է Անկարա, և առաջին ատյանի 12-րդ դատարանը որոշում է 5 տարի ժամկետով հետաձգել դատը:

Բասքըն Օրանը թուրք քաղաքագետ է և լրագրող: Նա «Ներեք մեզ, հայեր» ինտերնետային ստորագրահավաքի նախաձեռնողներից է և զբաղվում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների խնդրով:

Մեկնաբանել