Եվս մեկ նժդեհական, այս անգամ՝ հենց Կապանից

Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում կայացած Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը: Նրա մրցակիցը «Ժառանգությունը» ներկայացնող Սամվել Հայրապետյանն էր:

Ընտրություններին մասնակցությունը կազմել է շուրջ 50 տոկոս: Արմեն Կարապետյանը, ըստ պաշտոնական նախնական տվյալների, հաղթել է քվեների ավելի քան 80 տոկոսով: Թիվ 38 ընտրատարածքը գտնվում է Հայաստանի ծայր հարավում՝ Սյունիքի մարզում, և ընդգրկում է Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի տարածաշրջանները: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հերթական սկանդալից հետո, երբ նրա Գորիսի առանձնատան մոտ սպանվեց բարձրաստիճան հայ զինվորական, Սերժ Սարգսյանի հավատարիմ թիմակից մարզպետը ստիպված եղավ հրաժարական ներկայացնել: Նոր մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը, որն ԱԺ մի քանի գումարման պատգամավոր էր հենց թիվ 38 ընտրատարածքից: Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:

ՍիվիլՆեթի դիտարկումներով՝ ընտրությունները անցան հանդարտ, բայց նաև վարչական ռեսուրսի ամենալայն օգտագործման պայմաններում: Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին աջակցում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, որը Կարապետյանի նախընտրական շտաբի պետն էր: Անուղղակի կերպով Արմեն Կարապետյանին աջակցեցին նաև կոալիցիային մաս չկազմող ՀՅԴ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: «Ժառանգության» ներկայացուցչին աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող Հայ ազգային կոնգրեսը:

Թաթուլ Հակոբյան, Կապան

Photo: 1.bp.blogspot.com

Մեկնաբանել