Բջջային օպերատորները` նոր մրցակցի մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 4-ին հավանություն էր տվել տվել «Յուքոմ» (Ucom) ընկերության` բջջային հեռախոսակապի շուկա մտնելու մասին որոշմանը: Այս կապակցությամբ ՍիվիլՆեթը զրուցել է հայաստանյան հեռահաղորդակցության շուկայի երեք օպերատորների` «Արմենտել»-ի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և «Օրանժ-Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ:

«Արմենտելի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշեց, որ 3 մլն բնակչություն ունեցող երկրի համար, որտեղ արդեն գործում է միջազգային երեք օպերատոր, չորրորդ օպերատորի մուտքը «բավական հետաքրքական զարգացում է»:

«Այս պահին որևէ մեկնաբանություն չենք անում, քանի որ դեռ վաղ է դրա մասին խոսել: Մենք կհետևենք իրադարձություններին և նոր օպերատորի գործունեությանը»,- ասաց Անուշ Բեղլոյանը:

«Օրանժ-Արմենիա» ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանն էլ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ ՀԾԿՀ-ի այդ որոշումն իրենք ընդունում են, սակայն այն «որոշակի առումով տարօրինակ է իրենց համար»:

Լիլիթ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ «Յուքոմը» հեռարձակվելու է 4G/LTE (Long Term Evolution) հեռահաղորդակցային ցանցի հիման վրա: «Իսկ հեռախոսներն ու մոդեմները, որոնք աշխատում են այդ ցանցով, բավական թանկ են, և դժվար թե հասարակության զգալի մասը հնարավորություն ունենա օգտվել այդ սարքերից»,- ասաց Մարտիրոսյանը` նշելով, որ «Օրանժն» առաջարկում է հեռախոսներ և մոդեմներ` ընդամենը 1 դրամով:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի պատասխանատու Վահե Իսահակյանն էլ նշեց, որ ընկերությունը զերծ է մնում որևէ մեկնաբանություն կատարելուց:

«Յուքոմը» բջջային հեռաոսակապի ծառայություններ կսկսի մատուցել 2015թ. հունվարի 1-ից: