Հայաստանը 4-րդ ամենառազմականացված երկիրն է աշխարհում. զեկույց

Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնը (Bonn International Center for Conversion, BICC) հրապարակել է իր ամենամյա Ռազմականացման գլոբալ ինդեքս-2013-ը (Global Militarization Index (GMI) 2013): Զեկույցը ներկայացնում է 2012թ. տվյալները, համաձայն որոնց` Հայաստանը աշխարհում 4-րդ ամենառազմականացված երկիրն 149-ի շարքում:

BICC-ի 2013թ. վարկանշային աղյուսակը գլխավորել է Իսրայելը` 794,13 միավորով. այս երկիրը GMI-ի վարկանիշը գլխավորում է` սկսած 2007-ից: Երկրորդ տեղում Սինգապուրն է` 751,97 միավորով, երրորդում` Ռուսաստանը` 728,87 միավորով: Չորրորդ հորիզոնականում, ինչպես արդեն նշվեց, Հայաստանն է` 724,12 միավորով, հինգերորդում` Սիրիան` 714,19 միավորով: Վեցերորդ տեղը զբաղեցրել է Հորդանանը (694,45 միավոր), յոթերորդը` Հարավային Կորեան (678,79 միավոր), ութերորդը` Ադրբեջանը (673,32 միավոր), իններորդը` Կիպրոսը (666,67 միավոր): Տասնյակը եզրափակում է Քուվեյթը (666,05 միավոր):

Զեկույցի հեղինակները նշում են, որ Ադրբեջանը Ռազմականացման գլոբալ ինդեքսում բարձր տեղեր է զբաղեցրել նաև նախորդ տարիներին, իսկ ահա Հայաստանն առաջին տասնյակ է մուտք գործում այս տարի: Նշվում է, որ 2013-ից սկսած` Հայաստանի համար տվյալները ներառում են նաև պահեստայիններին, այդ իսկ պատճառով էլ երկիրն այս տարի վարկանշային աղյուսակում զգալի բարձր հորիզոնական է զբաղեցնում, քան նախորդ տարիներին: «Կովկասում սպառազինությունների արագ աճը ուղեկցվում է բուռն դիվանագիտական հռետորաբանությամբ և Լեռնային Ղարաբաղի երկարատև զինված հակամարտության վերսկսման վտանգով»,- նշում են զեկույցի հեղինակները:

Հայաստանի հարևաններից Թուրքիան աղյուսակում 23-րդն է` 592,81 միավորով, Իրանը` 28-րդը` 564,5 միավորով, Վրաստանը` 54-րդը` 501,35 միավորով:

GMI-2013-ում ԱՄՆ-ը զբաղեցրել է 27-րդ տեղը (574,05 միավոր), Չինաստանը` 83-րդը (431, 48 միավոր):

Ըստ զեկույցի` աշխարհի ամենաքիչ ռազմականացված երկիրը Իսլանդիան է` 10,4 միավորով:

Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնը ռազմականացման ամենամյա ինդեքսը հրապարակում է 1990-ից: Կենտրոնը անկախ ոչ առևտրային կազմակերպություն է, որը զբաղվում է խաղաղության և զարգացման խնդիրներով: Երկրների ռազմականացումը գնահատվում է մի շարք ցուցանիշներով: Օրինակ` համեմատվում են երկրների պաշտպանական բյուջեների ծավալները նրանց ՀՆԱ-ի հետ, ինչպես նաև գնահատվում է սպառազինության հասանելիությունը քաղաքացիների համար: Երկրների մասին տեղեկատվությունը վերցվում են Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտից (Stockholm International Peace Research Institute, SIPRI), Արժույթի միջազգային հիմնադրամից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Երկրները գնահատվում են 0-1000 բալային համակարգով, որտեղ 1000-ը առավելագույն ռազմականացման ցուցանիշն է: Ինդեքսի հեղինակները նշում են, որ երկրները սպառազինման համար միջինը ծախսում են ՀՆԱ-ի մոտ 2,5%-ը, սակայն որքան ավելի ռազմականացված է երկիրը, այնքան ավելի մեծ են նրա սպառազինությունների ծախսերը: Այսպես, Մերձավոր Արևելքի (որը ըստ զեկույցի` ամենառազմականացված տարածաշրջանն է) երկրներում սպառազինության վրա ծախսվում է ՀՆԱ-ի մոտ 7%-ը:

Մեկնաբանել