Կիևում եվրաինտեգրման աջակիցների դեմ մահակներ և արցունքաբեր գազ է կիրառվել

Կիևում այսպես կոչված «Եվրամայդանի»՝ եվրաինտեգրման աջակցության անժամկետ ցույցերը ցրելու ընթացքում տասնյակ մարդիկ են տուժել, հաղորդում է gazeta.ru-ն։

«Կան տուժածներ։ Գրեթե բոլոր տուժածների մոտ վնասված է գլուխը»,-փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը, վկայակոչելով պատգամավոր Անդրեյ Շևչենկոյին, տեղեկացնում է, որ տուժել են տասնյակ մարդիկ։

Ինչպես տեղեկացնում է Նարնջագույն հեղափոխության մասնակիցների կոալիցիայի մամուլի ծառայությունը, ակցիան ցրելու համար ժամանել է մոտ 1 հազ. հատուկջոկատային:

«Մարդկանց ծեծում էին մահակներով։ Գազ են կիրառել։ Մայդանում պայթյունների ձայներ են լսվել։ Շատ մարդիկ վնասվածքներ ունեն։ Մարդկանց Մայդանից դուրս էին նետում աղբի պես»,-կոալիցիայի տեղեկությունները մեջբերում «Ինտերֆաքսը»։

Ընդդիմադիրների մամուլի ծառայությունը հաղորդում է նաև Մայդանում խլացված բջջային կապի և 40 եվրաինտեգրման աջակիցների հոսպիտալացման մասին:

«ՌԻԱ նովոստին», հղում անելով Կիևի ոստիկանության մամուլի ծառայությանը, հաղորդում է 30 ձերբակալվածների մասին:

Ուկրաինայում բողոքի ակցիաներն ու ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին՝ երկրի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման ընդունումից հետո։

Մեկնաբանել