Հայաստանը բարելավել է դիրքը Կոռուպցիայի ընկալման 2013թ. զեկույցում. Transparency International

Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը դեկտեմբերի 3-ին հրապարակել է 2013թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը:

Զեկույցում ներառված 177 երկրների շարքում Հայաստանը 94-101-րդ տեղերն է կիսում Ալժիրի, Բենինի, Կոլումբիայի, Ջիբութիի, Հնդկաստանի, Ֆիլիպինների և Սուրինամի հետ: Այս երկրներում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 36 է: Անցած տարվա համեմատ Հայաստանը երկու միավորով բարելավել է իր դիրքը. 2012թ. այն 34 միավորով 105-րդն էր 176 երկրների շարքում:

Ինդեքսը ներկայացված է 0-ից 100-միավորանոց գնահատման սանդղակով, որտեղ 0-ն բացարձակ կոռումպացվածությունն է, իսկ 100-ը՝ կոռուպցիայի բացակայությունը։ 2011թ. օգտագործվել էր 0-ից 10-միավորանոց գնահատման սանդղակը, որի արդյունքներով` Հայաստանում 2010 և 2011 թթ. կոռուպցիայի ընկալման ցուցանիշը եղել է 2,6: 2011թ. Հայաստանը 183 երկրների շարքում զբաղեցրել է 129-րդ տեղը: 2012թ. 176 երկրների շարքում Հայաստանը 105-րդն էր:

Տարածաշրջանի երկրներից ամենաքիչ կոռումպացվածը Թուրքիան է. այն 50 միավորով Մալայզիայի հետ կիսում է 53-54-րդ տեղերը: Վրաստանը 49 միավորով կիսում է աղյուսակի 55-56-րդ տեղերը Լեսոտոյի հետ: Իրանը կոռուպցիայի ընկալման 25 միավորով կիսում է աղյուսակի 144-149-րդ տեղերը Կամերունի, Նիգերիայի, Կենտրոնաֆրիկյան Հանրապետության, Պապուա Նոր Գվինեայի, Ուկրաինայի հետ: Ադրբեջանում կոռուպցիայի ցուցանիշը 28 է: Այն Կոմորյան կղզիների, Գամբիայի, Լիբանանի, Մադագասկարի, Մալիի, Նիկարագուայի, Պակիստան և Ռուսաստանի կիսում է 127-135-րդ տեղերը:

Մաքսային միության անդամ երկրներից Ղազախստանը 26 միավորով 140-143-րդ տեղերն է կիսում Հոնդուրասի, Լաոսի, Ուգանդայի հետ: Մաքսային միության անդամ մյուս պետությունը` Բելառուսը, 29 միավորով 123-126-րդ տեղերն է կիսում Դոմինիկյան Հանրապետության, Գվատեմալայի և Տոգոյի հետ:

Կոռուպցիայի ընկալման վարկանիշի առաջին հորիզոնականներում են Դանիան և Նոր Զելանդիան, որոնք հավաքել են 91 միավոր:

Բացարձակ չկոռումպացված երկիր վարկանիշում չկա: Ամենակոռումպացված երկրները, Transparency International-ի տվյալների համաձայն, կրկին Աֆղանստանն են, Հյուսիսային Կորեան և Սոմալին` 8 միավոր:

«Պետական սեկտորում կոռուպցիան շարունակում է մնալ ժամանակակից աշխարհի ամենամեծ խնդիրներից մեկը, մասնավորապես` խոսքը քաղաքական կուսակցությունների, ոստիկանության և դատական համակարգի մասին է»,- նշում են զեկույցի հեղինակները:

Մեկնաբանել