Բացվել է «Հայաթ փլեյս Երևան» հյուրանոցը

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին ներկա է գտնվել «Հայաթ փլեյս» հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ փլեյս Երևան» հյուրանոցի բացման արարողությանը, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության նախագահը շրջել է միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

Մայրաքաղաքում՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ, կառուցված «Հայաթ փլեյս Երևան» հյուրանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011թ., ավարտվել՝ ընթացիկ տարում: Շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ հյուրանոցի կառուցման ուղղությամբ մինչ այժմ ներդրվել է շուրջ $15 մլն: 10-հարկանի և մոտ 7 հազ. քմ ընդհանուր մակերեսով այս հյուրանոցում բացվել է 70 աշխատատեղ՝ 200 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Հայաստանում «Հայաթ փլեյս Երևան»-ի բացումը, ըստ հյուրանոցի սեփականատեր «Ինտեռարմ-Մ» և հյուրանոցի կառավարումն իրականացնող «Հայաթ հոթելզ քորփորեյշն» ընկերությունների պատասխանատուների, որոշակիորեն կխթանի հյուրանոցային արդյունաբերությունում ծառայությունների որակի բարելավումը: Ակնկալվում է նաև, որ նոր հյուրանոցի մուտքը շուկա կնպաստի ոլորտում մրցակցային միջավայրի բարելավմանը ինչպես ցանցային, բրենդային հյուրանոցների շրջանում, այնպես էլ ընդհանրապես հանրապետության հյուրանոցային արդյունաբերության մեջ:

Մեկնաբանել