Գյուլենական շարժումը տարածվել է աշխարհի չորս կողմերում. Ադեմ Յավուզ

Թուրքական Bugun թերթի՝ Անկարայի ներկայացուցիչ և քաղաքական վերլուծաբան Ադեմ Յավուզը ՍիվիլՆեթի լրագրող Ալին Օզինյանին պատմում է Գյուլենական շարժման մասին և կարևոր մեկնաբանություններ անում վերջին շրջանում խիստ սրված ԳյուլենԷրդողան հարաբերությունների, ինչպես նաև գյուլենականների՝ խորքային պետության դեմ պայքարի և քրդական հարցի լուծման առաջարկների մասին:

Ադեմ, կարող ե՞ք պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում Գյուլենական շարժումը կամ համայնքը և, ի վերջո, այս շարժումը ի՞նչ կապեր ունի Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ:

– Աթաթուրքի ստեղծած հանրապետության սկզբնական տարիներին խիստ որոշումներ ընդունվեցին և արգելվեցին կրոնական միաբանությունները՝ «թարիքաթները»: Դարեր շարունակ գործող և ընդունված կրոնական այնպիսի միաբանություններ, ինչպիսիք են «թարիքաթները», «թեքեները», «զավիյեները» արգելվելուց հետո անցան ընդհատակ: Դրանց մի մասը շարունակեց գաղտնի գոյությունը՝ այդուհանդերձ խուսափելով ուշադրություն գրավելուց: Այսպես շարունակվեց մինչև 1990-ականները, երբ ավելացել էր կրոնական միաբանությունների և նրանց հետևորդների քանակը, որոնց շնորհիվ Էրդողանի գլխավորած կուսակցությունը հավաքեց ձայների մեծամասնությունը: Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, համայնքը կամ ծառայությունն իր մեջ ընդգրկում է հասարակության տարբեր շերտեր և խավեր, այդ թվում նաև՝ ընդդիմադիր դաշտը և քրիստոնյաներին:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը նույնը չէ, ինչ Գյուլենական շարժումը: Էրդողանի գլխավորած կուսակցությունը «Միլլի Գյորուշի» («Ազգային հայացք») գաղափարախոսության հետևորդն է: Այս գաղափարախոսությունն առնչվում է Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթին Էրբաքանի անվան հետ: «Միլլի Գյորուշը» քաղաքական շարժում է, ի տարբերություն որի՝ Գյուլենական շարժումը հասարակական է և ձգտում է համայնքի մեջ ընդգրկելով հանրության բոլոր խավերին՝ կյանքի կոչել Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարները: Այսպիսով՝ այն քաղաքականության հետ շատ չի առնչվում: Շարժումը, որի հիմքում ընկած են բարոյական արժեքները, տարածվել է աշխարհի չորս կողմերում և դրան աջակցություն են ցուցաբերում նաև ոչ մուսուլմանները, իսկ հիմնական գաղափարը հետևյալն է՝ դաստիարակել արժեքավոր և բարոյական մարդ ու դրանով նպաստել աշխարհում խաղաղության հաստատմանը: Հակառակ պարագայում հնարավոր չէ պատկերացնել, որ աշխարհի տարբեր կողմերում կբացվեր 170 դպրոց:

Ադեմ, Էրդողանը, Գյուլը կամ կուսակցության անդամ հանդիսացող նախարարներն արդյոք այս շարժման զավակնե՞րն են:

– Ո՛չ, նրանք «Միլլի Գյորուշ» շարժման հետևորդներ են, որոնք վերջին հիսուն տարում ավելի շատ քաղաքական ասպարեզում են գործում: Այսպես՝ «Միլլի Գյորուշը», իշխանության գալով, փորձում է վերափոխումներ իրականացնել և տարածել կրոնը, իսկ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը ճիշտ հակառակն է. այն չի հետաքրքրվում առօրյա քաղաքական պայքարով, սակայն ձգտում է ստեղծել ուժեղ հասարակություն, որը կբարձրանա ներքևից վերև՝ ի տարբերություն «Միլլի Գյորուշի», որը ձգտում է իշխել ներքևի հատվածի՝ հասարակության վրա:

Սա է հիմնական տարբերությունը: Շարժման հիմնական նպատակը կրթությունն է. աշխարհի տարբեր երկրներում և Թուրքիայի տարբեր մասերում գտնվող դպրոցների միջոցով դաստիարակել լավ սերունդ: Այսպիսով՝ կարելի է ասել, որ թե՛ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, թե՛ վարչապետ Էրդողանը ու նրանց կուսակցության հիմնադիրները Գյուլենական համայնքին չեն պատկանում, չեն ստացել համայնքի դաստիարակությունը, նրանք այլ շարժման հետևորդներ են:

Թուրքիայում գոյություն ուներ ռազմական վարչակազմ, մի մութ ուժ, գաղտնի պետություն: Ես Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ գիրք եմ գրել՝ «Մի հայ կար» վերնագրով, որտեղ պատմում եմ՝ ինչպես սպանեցին Դինքին և այն մասին, որ երևացող մարդասպանից բացի այլ ուժեր էլ են թաքնված այս ամենի հետևում: Ավելի ուշ հրապարակված երկրորդ մասում գրել եմ Դինքի դատավարության, «Էրգենեքոնի» գործի, Մալաթիայում քրիստոնյա միսիոներների սպանության մասին: Այստեղ խոսքը գնում է վերոնշյալ մութ ուժերի և ՆԱՏՕ-ի «Գլադիո» խմբավորումների մասին, որոնք գոյություն ունեին որոշ երկրներում, սակայն վերացել են, իսկ Թուրքիայում պահպանել են իրենց գոյությունը:

Թուրքիայում տարբեր ժամանակներում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, նրանց եկեղեցիների և ընդհանրապես կրոնական համայնքների ու կազմակերպությունների վրա հարձակման մեջ խորքային այս կառույցը էական դեր է կատարել: Ես այս կառույցի մասին գրել եմ իմ գրքում: Հրանտ Դինքի սպանության պարագայում էլ տեսնում ենք, որ մարդասպանը անչափահաս է, սակայն նրա դաստիարակության մեջ մեծ է վերոնշյալ կառույցի դերը:

Այս կառույցի դեմ պայքարում և այն ոչնչացնելու գործում Գյուլենական համայնքը մեծ օգնություն է ցուցաբերել կառավարությանը: Համայնքը քարոզում է բարոյականություն և իրեն պատկանող դպրոցներում այս գաղափարներով է դաստիարակում հազարավոր մարդկանց: Դպրոցների շրջանավարտները կյանքում առաջնորդվում են Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարներով:

Թե՛ «Էրգենեքոնի» դատավարության ժամանակ, թե՛ մութ այս ուժերի դեմ պայքարում վարչական, ոստիկանական, դատական, կրթական ոլորտներում գործող գյուլենականները օգնել են բարեփոխումների գործընթացին և մութ ուժերի բացահայտմանը:

Համեմատաբար վերջերս տեղեկացանք, որ թուրքական պետությունը կոդավորում է հայերին և մյուս փոքրամասնություններին, կան նաև կասկածներ, որ քրդերը նույնպես կոդավորված են թուրքական պետության կողմից: Ընդամնեը մի շաբաթ առաջ էլ լուրեր հրապարակվեցին, որ պետությունը նույն ձևով կոդավորում է հավատացյալներին և, հատկապես, Գյուլենական շարժման հետևորդներին: Ի ՞նչ եք կարծում՝ ու ՞մ չի կոդավարում թուրքական կառավարությունը, ո՞վ է Թուրքիայի համար խելոք քաղաքացի:

– Թուրքիայում հին և արմատավորված պետական համակարգը իրենից զատ բոլորին դիտարկում է որպես պոտենցիալ թշնամի: Իմ կարծիքով՝ այդ համակարգը հենց «Էրգենեքոն»-ն է: Այսպես՝ հայերը թշնամի են, հրեաները թշնամի են, հույները թշնամի են, (տեսնես՝ ի՞նչ կարող են անել հույները, որոնք ընդամենը 2 հազ. հոգի են), քրդերը թշնամի են, ալևիները թշնամի են, ժամանակ առ ժամանակ թշնամի են դառնում նաև իսլամամետները, ազգայնականները: Պետությունն անընդհատ իր համար թշնամի է ստեղծում, դրանով է սնվում:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը շատ ուժեղ է. հետախուզությունը վերահսկողություն է հաստատել ռազմական ոլորտի, զինվորականության վրա, և վերադարձը հին Թուրքիային հնարավոր չէ: Իշխանությունը, Անկարան այսպես է մտածում: Սակայն հասարակության մեջ բոլորը, այդ թվում՝ ես՝ որպես լրագրող, այդպես չեմ կարծում: Հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանին անձամբ ճանաչում եմ, լավ գործիչ է և ձգտում է միավորել քաղաքականությունն ու հետախուզությունը, սակայն 100 տարվա հետախուզությունը չես կարող մեկ վայրկյանում փոխել, և առանց հետախուզության ղեկավարների իմացության երբեմն կատարվում են են այնպիսի քայլեր, ինչպիսին է, օրինակ, մարդկանց կոդավորումը:

Կոդավորում են հայերին, իսլամամետներին, այլ համայնքների ներկայացուցիչներին: Սա է համայնքի և կառավարության հիմնական հակասություններից մեկը: Գյուլենական համայնքն ասում է, որ պետք է շարունակել ժողովրդավարության, թափանցիկության գործընթացը, իսկ կառավարության մոտեցումն այսպիսին է՝ իշխանության ղեկին ենք, հիսուն տոկոսն ընտրել ու աջակցում է մեզ, և չափազանցված է համարում Գյուլենական համայնքի նախազգուշացումները:

Ի ՞նչ եք կարծում՝ Էրդողանը պայքարու ՞մ է խորքային պետության ոչնչացման համար, թե՞ այսօր ինքն էլ, դառնալով այդ խորքային, մութ ուժի մի մասը, կոդավորում է այն մարդկանց, որոնք օգնեցին իրեն իշխանության գալու հարցում: Ի՞նչ է Գյուլենական շարժումը, ԷրդողանԳյուլեն հարաբերությունները:

Կառավարությունը մտածում է, թե հաղթել, ոչնչացրել և վերացրել է խորքային պետությունը, և այժմ բոլոր հարցերը լուծվում են քաղաքական մեխանիզմների միջոցով: Ինչպես քիչ առաջ ասացի, հասարակության մի ստվար հատվածը այդպես չի կարծում, ես էլ՝ այդ թվում:

Թուրքիայում խորքային պետությունը դեռևս շատ ուժեղ է, սակայն քանի որ քաղաքական իշխանությունը, այսինքն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայում չափազանց ուժեղ է, խորքային պետությունը գլուխ չի բարձրացնում և երևի հենց այդ պատճառով էլ գործողությունների չի դիմում:

Հասարակության մտահոգությունը հետևյալն է. Թուրքիայում քաղաքական ալեկոծության պայմաններում վատ օրերը կվերադառնան, կսկսվեն նախկին սպանություններն ու հարձակումները, հանրային ճնշումները: Գյուլենական համայնքը կամ լիբերալ ուժերը, քննադատելով իշխանությանը, նպատակ ունեն ճիշտ ուղին ցույց տալ, քանի որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, կորցնելով իր ռեֆորմիստական բնույթը, աստիճանաբար պետականամետ կեցվածք է ստանում, այսինքն՝ ավելի է կարևորում պետականությունը ժողովրդավարությունից: Սակայն չպետք է մոռանալ՝ այսօր Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցությանն այլընտրանք չկա, դրան հավասար քաղաքական ուժ գոյություն չունի, ժողովուրդը ընդդիմության հետ հույս չի կապում, սա է ողջ խնդիրը:

Տեսանյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Մեկնաբանել