ՍիվիլՆեթի լրագրող Ալին Օզինյանը խոսում է պոլսահայ հրապարակախոս Էթյեն Մահչուփյանի հետ Հրանտ Դինքի մասին՝ մահվանից յոթ տարի անց: Ըստ Մահչուփյանի` սպանությունից հետո որոշ մարդիկ սկսեցին չարաշահել Հրանտի անունը քաղաքական նպատակներով:
– Ճի՞շտ կլինի ասել, որ Հրանտ Դինքի սպանության դեռևս բացահայտված չլինելու պատճառը Դինքի և Էրգենեքոնի գործի միջև կապ ստեղծելուց խուսափելն է:
-Այս հարցը շատ է քննարկվել Հրանտ Դինքի ընտանիքի անդամների ու փաստաբանների կողմից: Նրանց մի մասը գտնում է, որ եթե սա կապված լիներ Էրգենեքոնի հետ, ավելի մեծ հնարավորություն կլիներ գտնել ճիշտ ուղին և ապացույցներ հավաքել: Փաստաբանների մյուս մասն էլ գտնում է, որ շատ կարևոր է այս գործն առանձին պահել, քանի որ այն կարող է անհետանալ Էրգենեքոնի գործի ճեղքերից մեկում: Գործը մնաց չբացահայտված: Հարցը, որն ուղղեցիք, քննարկվել է բազմիցս ու շարունակաբար՝ արդյո՞ք ավելի լավ կլիներ կապել սա Էրգենեքոնի գործի հետ, սակայն ոչ մի երաշխիք չկա:
Ես կարող եմ ասել, որ Հրանտ Դինքի գործի ամենակարևոր բնութագիրն այն է, որ մի քանիսը գիտեին նրա դեմ ծրագրվող դավադրության մասին նախքան իրագործվելը, այդ ինֆորմացիան կիսվել էր նաև ոստիկանության և ժանդարմերիայի հետ: Այնպես որ, երբ եկավ 2007 թվականի հունվարը, հարյուրավոր ու նույնիսկ հազարավոր մարդիկ տեղյակ էին, որ Հրանտին պատրաստվում են սպանել, և նրանք ոչինչ չարեցին, որպեսզի կանխեն: Դա է պատճառը, որ այս գործը դուրս է գալիս Էրգենեքոնի նորմալ դատավարությունների շրջանակից:
Այդ ժամանակ մենք հարցնում էինք՝ եթե Հրանտը հայ չլիներ, հնարավոր կլինե՞ր նման լռություն պահպանել: Համոզված եմ՝ կլինեին մարդիկ, ովքեր քայլեր կձեռնարկեին բացահայտելու այդ ծրագիրը: Սակայն Հրանտի տարբեր լինելու, հայ լինելու հանգամանքը հոգեբանորեն փոխեց իրավիճակը: Դա շատ մարդկանց ստիպեց լռել: Ի վերջո՝ նրանց կարելի է համարել հանցակիցներ:
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն սկսեց առաջ տանել Էրգենեքոնի դատավարությունը, միաժամանակ վարչական համակարգի մեջ ներգրավելով այն հանցագործներին, ովքեր գիտեին Հրանտ Դինքի սպանության մասին: Ես նկատի ունեմ` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պարտավորվեց աշխատել այդ մարդկանց հետ: Այս իրավիճակը Հրանտ Դինքի գործը փակուղի տարավ և կտրուկ նեղացրեց այն բացահայտելու հնարավորությունները, և կառավարությունը համաձայնեց դրա հետ: Այնպես որ, եթե նույնիսկ կապ հաստատվեր Դինքի սպանության և Էրգենեքոնի դատավարությունների միջև, դա ավելի լավ արդյունքի կհանգեցներ կամ ավելի հեռուն կգնար ճշմարտությունը հաստատելու ուղղությամբ, քանի որ շատ մարդիկ, ովքեր պետք է հարցաքննվեն այս գործով, Էրգենեքոնի դատավարություններում աշխատում էին կառավարության կողմից:
-Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր Հրանտին սպանելու պատճառը: Կարողացե՞լ եք գտնել այս հարցի պատասխանը վերջին 7 տարվա ընթացքում:
-Ի դեպ, պատճառն ակնհայտ էր ի սկզբանե. Հրանտի սպանությունն ավելի մեծ ռազմավարական հայեցակարգի մի մասն էր: Դրանից առաջ եղավ Սանթորոյի սպանությունը, և մի շարք հանցագործություններ և բռնություններ քահանաների և ոչ մահմեդականների նկատմամբ: Դինքի սպանությունը ծրագրված էր որպես այս հանցագործությունների մաս: Դա հանցագործություն էր, որը կարող էր շատ ավելի մեծ աղմուկ բարձրացնել, քան մյուս հանցագործությունները:
Սակայն հարցը հետևյալն էր․ այդ ժամանակ միտում կար «Արդարություն և զարգացում» կուսակցությունը տապալել, և նրանք հետևում էին մի քաղաքականության, որը ենթադրում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ոչ-ազգային քաղաքականություն է վարում: Նրանք փաստարկներ ու տեսություն էին առաջ քաշում, ըստ որի այդ կուսակցությունը դավաճանում կամ վաճառում է երկիրը:
Ոչ-մահմեդականների դեմ ուղղված այս հանցագործությունների նպատակն այն էր, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն կմիջամտեն և կդատապարտեն, ինչպես և եղավ: Այդ դատապարտման հետևանքով նոր հակաարևմտյան և հակաեվրոպական հայացքներ առաջ կգային երկրում, ինչը «Արդարություն և զարգացում» կուսակցությանը դժվարությունների առաջ կկանգնեցներ: Սա էր նրանց ռազմավարությունը:
Այս նախագծով նախատեսվում էր կազմակերպել նաև որոշ հանցագործություններ մի շարք ոչ մահմեդական գործիչների դեմ, այդ թվում, հավանաբար, Հայոց պատրիարքի և հունական ուղղափառ պատրիարքի դեմ՝ մեկը մյուսի հետևից: Սակայն, ըստ էության, Հրանտի սպանությունը տապալեց այս նախագիծը, քանի որ Հրանտի հուղարկավորությունը ապացուցեց, որ այլևս այդպես չի կարող շարունակվել, և այդտեղ ամեն ինչ ավարտվեց: Հեգնական և ողբերգական է փաստել, որ Հրանտի մահով կանխվեցին այլ մարդկանց սպանությունները: Սակայն նրանք, ովքեր կատարեցին այդ հանցագործությունը, անձամբ Հրանտի դեմ չէին գործում, և նրա գաղափարները էական չէին իրենց համար: Ինչպես գիտեք, այն անձը, որ կատարեց հանցագործությունը, Հրանտին չէր ճանաչում: Նրանց միակ նպատակն էր ստեղծել միջավայր, որը ճնշում կգործադրեր իշխող կուսակցության վրա:
-Դուք մոտ էիք Հրանտին, ընկերներ էիք, նույնիսկ ավելին: Հրանտի մահից հետո բոլորս ականատես եղանք, թե ինչպես մարդիկ միանգամից դարձան Հրանտի «սիրահարներ», և նրանց թիվն օրեցօր աճում էր: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը նրանց նկատմամբ: Ո՞րն էր նրանց նպատակը:
-Կարծում եմ՝ ես չէ, որ պետք է պատասխանեմ այդ հարցին: Կարող եմ ասել, որ որոշ մարդկանց համար հոգեբանական անհրաժեշտություն ծագեց: Մենք չենք կարող այս առումով մեղադրել վատ մտադրությունների կամ մանիպուլյացիաների մեջ: Դա տեղի է ունենում միշտ, երբ ինչ-որ մեկը մահանում է, և մարդիկ սկսում են կառուցել նոր հարաբերություններ նրա հետ: Թուրքիայում շատերը, գուցե միլիոնավոր մարդիկ, ովքեր չէին ճանաչում Հրանտին կենդանության օրոք, իրենց մտքում ու սրտերում հարաբերություններ կառուցեցին նրա հետ: Դրանք հոգեբանական հարաբերություններ էին, և նրանք մի նոր աշխարհ կառուցեցին դրա շուրջ:
Բոլորի մտքում առաջ եկավ Հրանտի մի տեսլական, և ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին մտածել, որ այդ տեսլականը իրական Հրանտն է: Իրականում սա շատ նորմալ, ընդունելի և տարածված բան է: Սակայն, կային նաև մարդիկ, որոնք շահագործեցին Հրանտի անունը: Դա կարող է տարօրինակ հնչել, բայց մենք ականատես եղանք, թե ինչպես Էրգենեքոնի որոշ կողմնակիցներ սկսեցին հաճախել Հրանտ Դինքի մահվան տարելիցի ամենամյա արարողություններին, և այդ մարդկանց միակ նպատակը «Արդարություն և զարգացում» կուսակցությանը վնաս պատճառելն էր: Հրանտի «մակաբույծները» շարունակեցին տարբեր ուղղություններով գործել: Ձախակողմյան խմբերը ևս նման վերաբերմունք ունեին, չեմ կարող ասել՝ նույն, բայց նման:
Նրանք ստեղծեցին մի մթնոլորտ, որտեղ Հրանտին իրենց սեփականությունը դարձրին, ցանկանում էին բոլոր ոգեկոչման միջոցառումների մենաշնորհն ունենալ: Ցավոք, այդ ամենը նեղացրեց Հրանտի հետմահու պատկերը: Այն նաև կանխեց հասարակության պահպանողական ու իսլամական մասի ավելի խորը ըմբռնումը: Հիմա, եթե հետ նայենք, կտեսնենք, որ այսօրվա Թուրքիային Հրանտի ուղերձը հիմնականում ուղղված էր հասարակության իսլամական մասին: Շատ կարևոր էր այդ ուղիները բաց պահելը: Ցավոք, այդ կապերը որոշ ժամանակով ընդհատվեցին, սակայն հիմա կա հիշողության վերածնունդ, և հայկական հարցն ավելի հաճախ է քննարկվում Թուրքիայում:
Անատոլիան դանդաղ կերպով վերականգնում է այդ հիշողությունը: Այն փորձում է վերականգնել իր առողջությունը և այդ ընթացքում կրկին հիշել Հրանտին, և, բնականաբար, դա տեղի է ունենում վերադառնալով դեպի այն օրերը, երբ նա մեզ ապրեցնում էր: Նրանք այդ հուշերը հետ են բերում: Մենք տեսնում ենք դա Անատոլիա այցելելով: Սա շատ դրական քայլ է: Գուցե մենք ունեցանք 3-5 տարի անորոշության շրջան, որը կարծես փոթորկված ծով լիներ: Հարցը շահագործվում էր, բայց հիմա, ավելի հանգիստ և պարզ պայմաններում, Հրանտին հիշելու և հիշատակը վառ պահելու շրջանը կրկին սկսվում է:
Ոմանք, ովքեր հանդիպել էին Հրանտին մի քանի անգամ, կամ որոշ ժամանակ շփվել էին նրա հետ, սկսեցին քաղաքականապես չարաշահել Հրանտին, ոչնչացնելով «բուն» Հրանտին: Նկատի ունեմ՝ նրանք օգտագործեցին Հրանտի անունը որպես իրենց գաղափարախոսական մրցակիցներին պարտության մատնելու գործիք, կամ պարծենում էին՝ որ մոտ են եղել Հրանտի հետ: Իմ կարծիքով՝ նրանք արեցին բաներ, որոնք բարոյապես անընդունելի են: Նրանցից ոմանք նույնիսկ օգտագործեցին Հրանտի անունն իրենց արտասահմանյան կապերի զարգացման նպատակով: Կարիք չկա անհատապես անուններ նշել, սակայն Հրանտի ժառանգությունն օգտագործվեց շատ անբարոյական կերպով: Ես օգտագործեցի մակաբույծ բառը նման մարդկանց բնութագրելու համար, քանի որ նրանք օգտագործում են հանգուցյալի հիշատակը, ձևացնելով, իբր գիտեն նրա միտքն ու հոգին: Սրանք հիշատակելու արժանի բաներ չէին, սակայն արժեր դա ընգծել այժմ, երբ երևույթը մոտենում է ավարտին:
-Կար Հրանտ անունով մի մարդ, մարդիկ կարդում էին նրա հոդվածները և երբեմն էլ հետևում նրան հեռուստացույցով: Շատ քչերն էին ճանաչում նրան անձամբ, և Դուք նրանցից մեկն եք: Ինչպիսի՞ մարդ էր Ձեր ճանաչած Հրանտը: Ո՞վ էր Ձեր ընկեր Հրանտը:
-Սա շատ բարդ հարց է, քանի որ եթե վերցնենք Հրանտին իր տարբեր կողմերով, դժվար է հասկանալ՝ որտեղից սկսել: Նա գունեղ մարդ էր: Եթե նայենք այն մարդկանց, որոնց վրա նա ազդեցություն է թողել, ապա նա բարդ սոցիալական մարդ էր: Նա մի մարդ էր, որը տպավորվում էր իրեն հանդիպած յուրաքանչյուր մարդու մեջ, այդ պատճառով շատերն են իրենց Հրանտի ընկեր զգում: Մյուս կողմից՝ նրա կյանքի պատմությունը շատ գունեղ է, այնպես ինչպես նրա առօրյան: Նա կարող էր քաղաքականությունից դուրս շատ բաներ միավորել և ստեղծել ներդաշնակություն: Որպես զգացմունքային մարդ՝ նա կարող էր հանկարծակի տխրել և կրկին ծիծաղել որոշ ժամանակ անց: Ուստի, հեշտ չէ խոսել մի մարդու մասին, որն այսքան զգացմունքային է, սակայն միշտ փորձում է հետևել իր տրամաբանությանը:
Մենք կարող ենք ասել հետևյալը․ քաղաքական առումով նա դեմոկրատ էր, բայց միշտ իր մեջ ուներ նաև հայկական ազգայնականություն: Ժամանակի ընթացքում այդ հայրենասիրությունը քաղաքականությունից անցավ մշակույթին: Փակագծերում ասեմ, որ երկար ժամանակ նրա երազանքն էր Հայաստան գալն ու Ազգային Ժողովի պատգամավոր դառնալը: Չեմ կարծում` որևէ մեկն այս մասին գիտի: Առօրյա կյանքին նայելով՝ նրա ամենամեծ երազանքներից էր սեփական ձի ունենալն ու ձիարշավներին մասնակցելը: Շատ քչերը գիտեն այդ մասին: Բայց նա մի մարդ էր, որը կարող էր միաժամանակ երազել այս տարբեր բաների մասին: Եթե նայենք հայացքներին՝ նրա ընտանիքում հայրիշխանություն էր:
Իրականում նրա այս կողմը ընտանիքում ջերմությամբ է հիշվում․ որքան էլ նահապետական տեսարաններ էր ստեղծում ընտանիքում, նույնքան արագ էլ հանդարտվում էր և մարդկանց ծիծաղեցնում: Նրա ամենակարևոր հատկանիշներից էր շարժիչ ուժ լինելը: Նա բնատուր առաջնորդի հատկանիշներ ուներ և գործի մարդ էր, ինչը դրսևորվում էր նրա դիրքորոշումներում ու գործողություններում, ավելի, քան խոսքերում: Եվ, ամենից կարևորը, նա անկեղծ, շատ անկեղծ անատոլիացի էր:
Նրա համար շատ հեշտ էր ներկայացնել իր այդ կողմը: Չճանաչող մեկը կարող էր դա զգալ ու հասկանալ՝ ընդամենը նրան նայելով հեռուստատեսությամբ՝ նրա տեսքից ու խոսելաոճից: Սա շատ կարևոր որակ է: Կարող եմ ասել, որ շատ անատոլիացիներ, որոնք նախկինում նրա հետ չէին առնչվել, կարողանում էին հասկանալ ու ճանաչել նրան ընդամենը մեկ անգամ հանդիպելով: Նրանք իսկապես կարողանում էին կարդալ Հրանտի հոգին, և նա բացում էր իր հոգին նրանց առաջ: Այս առումով նա հազվագյուտ էակ էր: Նախկինում ասել եմ, և այժմ առավել բացահայտ եմ ասում՝ եթե հասարակության մահմեդական մասում Հրանտի նման մեկը լիներ, այսօր Թուրքիայում շատ բան այլ կլիներ:
Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ: