Սերգո Կարապետյանը չի կիսում ՕԵԿ քաղաքական մտադրությունը

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը դուրս է եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից:

Ինչպես հաղորդում են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, այս մասին Սերգո Կարապետյանը հայտարարել է` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով լուրերն այն մասին, որ նախարարի պաշտոնակատարը որոշել է դուրս գալ կուսակցությունից` պայմանավորված կոալիցիոն համագործակցությունը դադարեցնելու ՕԵԿ-ի որոշմամբ:

«Երբ 2010թ. դեկտեմբերին առաջարկություն ստացա զբաղեցնել գյուղատնտեսության նախարարի պաշտոնը և անդամագրվեցի «Օրինաց երկիր» կուսակցությանը , ՕԵԿ-ը դիտում էի որպես նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի մի մաս և պատրաստ էի իմ աշխատանքով նպաստել Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի հաջողություններին: Սա է պատճառը, որ երբ ապրիլի 16-ին` ՕԵԿ քաղխորհրդի նիստի ժամանակ, կուսակցությունը որոշեց դուրս գալ կոալիցիայից, ես չկիսելով այդ քաղաքական մտադրությունը և անկախ իմ հետագա պաշտոնավարումից, դուրս եմ եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից»,- ասել է Սերգո Կարապետյանը:

Ապրիլի 16-ին ՕԵԿ անդամներ Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը քաղխորհրդի նիստից հետո հայտարարեցին, որ կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մաս կազմել կոալիցիայի` պայմանավորված ներքաղաքական վերջին փոփոխություններով:

Մեկնաբանել