Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) հայտարարությամբ է հանդես եկել, որում իր խոր մտահոգությունն է հայտնել «Հայաստանում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Կառավարությունը ապրիլի 23-ի նիստում հավանություն էր տվել հարկային օրենսդրության մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու և «Այլընտրանքային հարկային ստուգումների մասին» օրենքի նախագծի փաթեթին։ Ազգային ժողովում այս փաթեթի ընդունումից հետո Հայաստանում կգործի այլընտրանքային հարկային ստուգումների և հորիզոնական մոնիտորինգի համակարգ։
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է. «ՀԱԱՊ-ը հայտնում է իր խորին մտահոգությունը Հայաստանում այլընտրանքային հարկային ստուգումների մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Գիտակցելով, որ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է հարկային ստուգումների առկա ընթացակարգերի անկատարությունները շտկելու գաղափարով, այդուհանդերձ, կարծում ենք, որ առաջարկվող մոտեցումը հեռու է լավագույնը լինելուց` մասնավորապես.
– Հարկային մարմինների կողմից այլընտրանքային հարկային ստուգումների պրակտիկա գոյություն չունի որևէ այլ երկրում: Փոխարենը լայն տարածում ունի «այլընտրանքային ստուգման աութսորսինգ» գաղափարը, երբ ստուգումն իրականացվում է անկախ աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից: Այս տեսանկյունից կասկածելի է միջազգային հաջողված փորձի ներդրման փոխարեն չփորձված և հակասական մոտեցումների կիրառման նպատակահարմարությունը: Մեր համոզմամբ` ստուգում և այլընտրանքային ստուգում իրականացնող մարմինների համատեղումը կարող է ստեղծել հարկային օրենսդրության հետագա բարդացման թաքնված շարժառիթներ:
– Օրինագծի ընդունումը կարող է հանգեցնել ՊԵԿ-ի կողմից «անհավասար» վերաբերմունքի դրսևորմանը այլընտրանքային ստուգում պատվիրած և չպատվիրած կազմակերպությունների նկատմամբ, քանզի վերջիններս առաջարկվող ծառայությունից չօգտվելու համար կարող են հայտնվել առավել խստացված ստուգումների ենթակա ռիսկային ընկերությունների ցանկում:
– Հասկանալի չէ, թե ինչ հիմքերով է ձևավորվել այլընտրանքային ստուգման համար նախատեսվող վճարի չափը՝ 10-500 մլն դրամ: Եթե այն համեմատենք Հայաստանի շուկայում իրականացվող ֆինանսական հաշվետվությունների աուդիտի հետ, որը որպես բաղկացուցիչ մաս ներառում է նաև հարկային պարտավորությունների ստուգում, ապա սահմանված սանդղակի նույնիսկ նվազագույն 10 մլն. դրամ վճարը մինչև 5 անգամ գերազանցում է փոքր բիզնեսին մատուցվող աուդիտորական ծառայության վճարը: Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ փոքր ու միջին բիզնեսը կհայտնվի խիստ անհավասար պայմաններում խոշոր բիզնեսի նկատմամբ:
– Օրինագծի ընդունումն ու կիրարկումը կարող է հանգեցնել տվյալ ոլորտում ՊԵԿ-ի կողմից մենաշնորհային դիրքերի հաստատմանը` այսպիսով խոչընդոտելով մասնավոր ընկերությունների շրջանում առողջ մրցակցության ձևավորմանն ու հարկատուների համար նշված ծառայության հետ առնչվող ծախսերի կրճատմանը:
– Այլընտրանքային հարկային ստուգումները չեն կարող փոխարինել ֆինանսական հաշվետվությունների աուդիտին, ինչպես նշում է ՊԵԿ-ը, քանզի այս երկու ստուգումները բոլորովին տարբեր նպատակներով իրականացվող ստուգումներ են:
– Նախագիծը լուրջ հարված կհասցնի տնտեսական մրցակցությանը, քանի որ այն հարցականի տակ կդնի աուդիտորական ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններից օգտվելու նպատակահարմարությունը:
– Նախագիծը կարող է հանգեցնել գործազրկության մակարդակի աճին, քանի որ ներկայումս փոքր աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը պայմանավորված է գործող օրենքի պահանջներով: Որոշ կազմակերպություններ կարող են ուղղակի ոչ մրցունակ դառնալ նախագիծը ընդունելու դեպքում:
– Այլընտրանքային հարկային ստուգումների ներկայացված մոդելի ներդրման արդյունքում երկարաժամկետ առումով նվազելու են հարկային մուտքերը ՀՀ պետական բյուջե:
Հիմնվելով վերոնշյալի վրա՝ միությունը հորդորում է ՀՀ կառավարությանը շարունակել հիմնվել միջազգային լավագույն պրակտիկայում ընդունված և փորձված մոտեցումների վրա»:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ներկայացնելով փոփոխությունների փաթեթը, նշել էր, որ այլընտրանքային հարկային ստուգումը կամավորության սկզբունքով հարկ վճարողի մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող հարկային պարտավորությունների կատարման ճշտության ստուգումն է։ ՊԵԿ նախագահի խոսքով, եթե անգամ այլընտրանքային ստուգումների ժամանակ տնտեսվարողի մոտ խախտումներ հայտնաբերվեն, ապա նա ազատված կլինի օրենքով նախատեսված պատասխանատվությունից՝ պարտավոր լինելով միայն պետբյուջե վճարել չվճարված գումարները։ Հարկային մարմնի հավելյալ այս ծառայության դիմաց առաջարկվում է սահմանել վճար։ Այն տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարվելու է հարկային մարմնի զարգացման ֆոնդ, որի մասով վարվելու է առանձնացված հաշվառում։ Վճարի չափերը սահմանելու է կառավարությունը, այն չի կարող պակաս լինել 10 մլն դրամից և չի կարող գերազանցել 500 մլն-ը։