Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդն մայիսի 13-ին այցելել են «Երևան մոլ» առևտրային կենտրոնում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին:
Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ ստորագրվել է «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»: Երկու երկրների ղեկավարներն այցելել են նաև հիշյալ առևտրային կենտրոնի տարածքում տեղակայված ֆրանսիական «Օրանժ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոն: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներին այստեղ ներկայացրել են «Օրանժի» կողմից մատուցվող ծառայությունների տեսականին, նորարարական առաջարկներն ու Հայաստանում, ընդհանուր առմամբ, ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերը:
Այնուհետև Ֆրանսուա Օլանդը, ավարտելով երկօրյա պետական այցը, մեկնել է Երևանից: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի ճանապարհման պաշտոնական արարողությունը:
Ֆրանսուա Օլանդը Հայաստան էր ժամանել մայիսի 12-ին Բաքվից: Ֆրանսիայի նախագահը հաջորդիվ մեկնելու է Վրաստան: