Զոհերի թիվը Թուրքիայում՝ մոտ 300. բողոքներ Էրդողանի դեմ

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Մանիսա նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում պայթյունի պահին այնտեղ 787 մարդ է գտնվել, որոնցից հաջողվել է փրկել 363-ին, հաղորդում է Today’s Zaman-ը:

Մայիսի 15-ին Սոմա մեկնած՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ զոհերի թիվը հասել է 245-ի: Այդուհանդերձ, ոչ պաշտոնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվածների թիվը մոտ 300 է: Մոտ 80-ը վիրավորվել են, չնայած ոչ պաշտոնական տվյալներով՝ վնասվածքներ են ստացել 141-ը:

Սոմայում ելույթի ժամանակ Էրդողանն ասել է, որ դժբախտ պատահարներն առհասարակ հանքարդյունաբերության մաս են կազմում և նախազգուշացրել, որ որոշ ուժեր կփորձեն աղետն օգտագործել իր կառավարության դեմ [հունիսին 1-ին լրանում է Գեզիի հակակառավարական ցույցերի տարելիցը, և Էրդողանը մտավախություն ունի, որ Սոմայի դեպքերը կարող են օգտագործվել որպես իր կառավարության դեմ նոր բողոքների առիթ – ՍիվիլՆեթ]: Հավաքվածների մոտ մեծ զայրույթ են առաջացրել Էրդողանի այն խոսքերը, թե Հանրապետության առաջին տարիներին նման պատահարների ժամանակ զոհերի թիվն ավելի մեծ էր:

Սոմա այցի ընթացքում Էրդողանի դեմ բողոքի ալիք են բարձրացրել հանքափորների հարազատները: Ցուցարարները սուլում էին և բացականչում՝ «Հեռացի՛ր» կամ «Մարդասպա՛ն», ոմանք անգամ քարեր էին նետում Էրդողանի ուղղությամբ, այնպես որ նա նույնիսկ ստիպված էր ապաստան գտնել հանրախանութներից մեկում:

Թուրքիայի մյուս հատվածներում նույնպես բողոքի ալիք է բարձրացել: Սոմայում տեղի ունեցած դժբախտ պատահարը մեծապես քննարկվում է նաև սոցիալական ցանցերում, որտեղ օգտատերերը նույնպես իրենց դժգոհությունն են արտահայտում տեղին ունեցածի առթիվ: Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվել էր մի խումբ՝ լուռ բողոքի ակցիա անցկացնելու նպատակով: Ակցիայի մասնակիցներն անշարժ պառկել էին գետնին՝ առանց որևէ բան բացականչելու կամ լրագրողների հետ զրուցելու: Բողոքի ակցիա է անցկացվել նաև Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում, որտեղ հավաքվածները մոմեր են վառել զոհված հանքափորների հիշատակին:

Սոմայում տեղի ունեցած ողբերգությունից հետո Թուրքիայի խոշորագույն արհմիությունները մեկօրյա գործադուլ են հայտարարել: Արհմիությունների ղեկավարների խոսքով՝ վերջերս Թուրքիայում լեռնահանքարդյունաբերության մասնավորեցումը հանքափորների աշխատանքային պայմանները է՛լ ավելի վտանգավոր և դժվար է դարձրել:

Թուրքիայում մայիսի 14-ին հայտարարվել էր եռօրյա սուգ:

Ինչպես գրել է Today’s Zaman-ը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտության հիմնադրամի 2010թ. զեկույցի համաձայն՝ Թուրքիան առաջատար է մեկ մլն տոննա արդյունահանված ածխին բաժին ընկնող մահերի թվով: Այսպես՝ 2008թ. Թուրքիայում մեկ մլն տոննա արդյունահանված ածխին բաժին է ընկել 7,22 մահ, Չինաստանում՝ 1,27, ԱՄՆ-ում՝ 0,02:

Մեկնաբանել