Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը ստորագրվեց

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, այն ուժի մեջ կմտնի 2015թ․ հունվարի 1-ից, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Փաստաթուղթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են երեք երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Փաստաթղթի շուրջ աշխատանքը սկսվել էր դեռ 2011թ․ նոյեմբերին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջին գագաթաժողովին։ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներն այդ ժամանակ ընդունել էին եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին հռչակագիր, որը դարձել էր ինտեգրացիոն փոխգործակցության զարգացման յուրատեսակ «ճանապարհային քարտեզ»։

Մայիսի 29-ին՝ ավելի վաղ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին։

«Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին միանալու ժամկետ սահմանել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանել