Ասոցացման համաձայնագիրը ստորագրվեց

Լուսանկարում` Հերման վան Ռոմպույը (ձախից) և Իրակլի Ղարիբաշբլին (աջից): Լուսանկարը` Ղարիբաշվիլիի ֆեյսբուքյան էջից:

Հունիսի 27-ին Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան Բրյուսելում ստորագրել են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, հաղորդում է Euronews-ը: Փաստաթուղթը վրացական կողմից ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ԵՄ կողմից՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի Վրաստանի խորհրդարանի, ինչպես նաև Եվրախորհրդարանի կողմից վավերացվելուց հետո: Այն կփոխարինի Վրաստանի և ԵՄ-ի միջև 1996թ. ստորագրված «Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին»՝ ստեղծելով հարաբերությունների նոր իրավական շրջանակ:

Վրաստանը Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել էր 2013թ. նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովին:

Վրացական պատվիրակությունը (արտգործնախարար Մայա Փանջիկիձե, եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Թեա Ցուլուկիանի)՝ վարչապետ Ղարիբաշվիլիի գլխավարությամբ Թբիլիսի կվերադառնա հունիսի 27-ի երեկոյան՝ միանալու փաստաթղթի ստորագրման կապակցությամբ անցկացվող միջոցառումներին:

Ասոցացման համաձայնագիրը ստորագրել է նաև Մոլդովան, որը ևս փաստաթուղթը նախաստորագրել էր 2013թ. նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովին:

Ուկրաինան ստորագրել է համաձայնագրի տնտեսական մասը՝ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու համաձայնագիրը, քանի որ քաղաքական մասն արդեն ստորագրել էր մարտի 21-ին:

Կիևը Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրեր դեռ Վիլնյուսի գագաթաժողովին, սակայն 2013թ. նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը՝ ելնելով Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունից՝ միաժամանակ հայտարարելով, որ չի հրաժարվում եվրաինտեգրումից։

Մեկնաբանել