ԱՊՊԱ-ն աշխատում է ապահովագրականների օգտին

Մայիսին, ապրիլի համեմատ, ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոմեքենաների թիվն ավելացել է 2500-ով:

ԱՊՊԱ ոլորտում այս տարվա հունվարի 1-ից ներդրված «Բոնուս-Մալուս» զեղչերի և հավելավճարների) համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագրերի առկայությունը էլեկտրոնային տարբերակով ստուգումը նպաստել է ապահովագրական ընկերություններին հաղթահարել վնասաբերության՝ իրենց իսկ կողմից նշվող կրիտիկական շեմը։

Այս տարվա հինգ ամիսներին, ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի «ԱՊՊԱ ոլորտում ձևավորված առանձին տվյալների վերաբերյալ» վիճակագրական հրապարակման, ոլորտի վնասաբերությունը կազմել է 59,1%, ինչը չորս ամսիների ցուցանիշից ավելի է 0,1 տոկոսային կետով, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածից փոքր է 16,5 տոկոսային կետով։

Փաստացի, այս տարվա հունվար-մայիսին ապահովագրական ընկերությունները հավաքագրված յուրաքանչյուր 100 դրամից հատուցման են ուղղել 59,1 դրամը՝ ԱՊՊԱ սակագնի հաշվարկի հիմքում դրված է 78 դրամի փոխարեն։ Վնասաբերության ցուցանիշը փոքր է նաև ոլորտի ներկայացուցիչների կողմից նշվող կրիտիկական շեմից՝ 70%-ից։

Բյուրոյի տվյալների համաձայն՝ 2014թ. մայիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 443037, ինչը նախորդ ամսվա համեմատ ավելի է 2500-ով: Մայիսի վերջի դրությամբ հաշվեգրված ապահովագրավճարների ծավալը կազմել է 9,25 մլրդ դրամ, իսկ հատուցմանն ուղղված գումարների ծավալը՝ 4,2 մլրդ դրամ։

Վնասաբերության նվազմանը նպաստել են նաև ապահովագրական ընկերությունների տնտեսումները։ Այս տարվա հինգ ամիսներին հատուցման միջին գումարը կազմել է 191000 դրամ՝ 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 3700 դրամով կամ 1,9%-ով։ Միայն հատուցման միջին գումարի չափի նվազման արդյունքում ապահովագրական ընկերությունները տնտեսել են 53 մլն դրամ։

Մեկնաբանել