Մոսկվան արգելեց «Աէրոֆլոտ»-ին թռչել Վրաստան

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիան», ռուսական «Աէրոֆլոտ» և «ՅուԹեյր» ընկերություններին չի թույլատրել Վրաստան կանոնավոր չվերթներ իրականացնել:

«Թույլ չտալ՝ համաձայն Ռուսաստանի արտգործնախարարության դիրքորոշման»,- ասված է գործակալության արձանագրության մեջ: Ավելի վաղ «Ռոսավիացիան» Մոսկվա-Թբիլիսի կանոնավոր չվերթների թույլտվություն էր տվել՝ «Վրաստանի արտգործնախարարության կողմից օդային կանոնավոր հաղորդակցության վերականգնման մասին պատասխան նոտա» ստանալու պայմանով:

Հունիսի 11-ին Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ներգրավված չէ Ռուսաստանի հետ կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման բանակցություններին:

Ռուսական ընկերությունները մտադիր էին շաբաթական յոթ թռիչք իրականացնել Մոսկվայից Թբիլիսի:

Վրաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթները դադարեցվել են 2008թ.: 2010թ. վրացական Airzena Georgian Airlines ավիաընկերությունը սկսեց առաջին չարթերային թռիչքները Թբիլիսիի և Մոսկվայի միջև, իսկ 2011թ.-ից Վրաստանի և ՌԴ-ի մի շարք քաղաքների միջև չարթերային թռիչքներ իրականացնում են վրացական և ռուսական մի քանի ավիաընկերություններ:

Մեկնաբանել