Ոչ Եվրասիական, ոչ Եվրոպական Միություն

Հունիսի 27-ին Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան Բրյուսելում Եվրոպական Միության հետ ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, ինչը նշանակում է, որ հետխորհրդային այս երեք երկրները ավելի են մոտենում եվրոպական տնտեսական միասնական շուկային: Համաձայնագիրը, որքան էլ համարվի տնտեսական փաստաթուղթ, նախևառաջ քաղաքական ու իրավական բովանդակություն ունի: Ըստ էության, հետխորհրդային երեք հանրապետությունները ևս մեկ քայլ կատարեցին Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, ռազմական ու մշակութային ազդեցությունից հեռանալու ուղղությամբ:

Թե ինչպիսին կլինի Մոսկվայի հակաքայլը, ցույց կտա ժամանակը: Ակնհայտ է, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած չի նստի: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը արդեն հայտարարել է, որ Ռուսաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքներով միջոցներ կձեռնարկի Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեմ, եթե Եվրոպական Միության հետ ստորագրված Ասոցացման համաձայնագրերը բացասաբար ազդեն ռուսական տնտեսության վրա:

Մոսկվան, որքան էլ Արևմուտքում թերագնահատեն, տնտեսական ու քաղաքական բազմաթիվ լծակներ ունի ազդելու Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի վրա: Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են: Առանց Ռուսաստանի դժվար է պատկերացնել խաղաղություն՝ հաշվի առնելով, որ հենց Ռուսաստանն է կանգնած Դոնեցկի և Լուգանսկի անջատողականների թիկունքում: Ուկրաինան իր արտաքին քաղաքական ընտրության համար մեծ գին է վճարում: Ղրիմը, կարելի է ասել, այլևս չի լինի Ուկրաինայի մաս: Դոնեցկի և Լուգանսկի մարզերը, որտեղ մեծամասնություն են կազմում ռուսները, ևս ձգտում են անջատվել Ուկրաինայից և միանալ Ռուսաստանին:

Մոլդովան նույնպես խոցելի վիճակում է: Բացի այն, որ առկա է սառեցված Մերձդնեստրի խնդիրը, Մոլդովայի տարածքում կարող է բռնկվել ևս մեկ ազգային համակամարտության օջախ` թյուրքալեզու Գագաուզիան: Վրաստանը կորցրել է Աբխազիան ու Հարավային Օսիան: Թբիլիսիի արևմտամետ դիրքորոշման՝ ՆԱՏՕ-ին և Եվրոպական Միությանը անդամակցելու դեպքում որևէ հույս չկա, որ Ռուսաստանը թույլ կտա այդ երկու տարածքների վերադարձը Վրաստանի կազմ: Բայց սա դեռ ամենը չէ: Ինչպես վրացական, այնպես էլ արևմտյան փորձագիտական ու դիվանագիտական շրջանակներում մտահոգություններ կան, որ Ռուսաստանը կփորձի Վրաստանի ներսում հրահրել ազգային հակամարտությունների նոր օջախներ: Առաջին հերթին խոսքը գերազանցապես հայերով բնակեցված Ջավախքի մասին է:

Ահա այս հարցում Հայաստանն ունի դերակատարություն: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակված Հայաստանը չի կարող շռայլություն և լարվածություն թույլ տալ հայ-վրացական հարաբերություններում: Հայաստանի առևտրային շրջանառության ավելի քան 70 տոկոսը կատարվում է հենց Վրաստանի տարածքով: Հայաստանն իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ ցամաքային կապն իրականացնում է Վրաստանի տարածքով: Հայաստանը դեպի բաց ծով ելքը ևս իրականացվում է Վրաստանով` Սև ծովի վրացական Բաթումի և Փոթի նավահանգիստներով: Ջավախքի հայությունը ևս գիտակցում է, որ հայ-վրացական հարաբերություններում իրավիճակի սրումը առաջին հերթին չի բխում հենց Հայաստանի շահերից: Հայ-վրացական հարաբերություններում լարվածություն հետապնդող երկրները երկուսն են` Թուրքիան և Ադրբեջանը, որպեսզի Հայաստանի շրջափակումը դառնա ամբողջական: Նայելով քարտեզին՝ հասկանալի է, թե ինչպիսի կարևորություն ունի Վրաստանը Հայաստանի համար:

Մոտ մեկ տարի առաջ գրեթե կասկած չկար, որ Հայաստանը ևս կստորագրի Ասոցացման համաձայնագիրը, սակայն սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանը ցանկություն ունի միանալ Մաքսային միությանն ու ապագայում ստեղծվելիք Եվրասիական միությանը:

Նրանք, ովքեր Հայաստանի եվրաինտեգրման ջատագովներն են, պետք է գիտակցեն, որ սա այն դեպքն է, երբ ցանկությունն ու իրականությունը համատեղելի չեն: Անշուշտ, Հայաստանը կարող էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ինչպես արեցին Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Սակայն պետք է հարց տալ` ի՞նչ գնով: Ակնհայտ է, որ եթե Հայաստանը հետ չդառնար Ասոցացման ճանապարհից, ապա Ռուսաստանը Արցախի հարցում կորդեգրեր բացահայտ ադրբեջանանպաստ դիրքորոշում, Հայաստանին կենթարկեր տնտեսական ու քաղաքական ճնշումների:

Մյուս կողմից սակայն, որևէ կերպ չի կարելի արդարացնել Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, երբ երեք տարուց ավելի բանակցելով եվրոպացիների հետ, ի վերջո ցանկություն հայտնեց միանալ Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը: Սարգսյանը և նրա արտաքին քաղաքական թիմը հերթական սխալ հաշվարկը կատարեց: Հենց սկզբից պետք էր եվրոպացի գործընկերներին բացատրել, որ Հայաստանը հասկանալի պատճառներով չի կարող ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց պատրաստ է Եվրոպական Միության հետ համագործակցությունը բարձրացնել այնպիսի մակարդակի, որը չէր վնասի հայ-ռուսական հարաբերություններին: Ի դեպ, այսօր Հայաստանը փորձում է հենց դրան հասնել, այն է՝ նոր փաստաթուղթ ունենալ Եվրոպական Միության հետ, որը առաջ չի բերի Ռուսաստանի դժգոհությունը:

Վերջին շրջանում Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների շուրթերով հնչում են հայտարարություններ, որոնց իմաստը հետևյալն է՝ Հայաստանը չի կարող Մաքսային միությանը և ստեղծվելիք Եվրասիական միությանը անդամակցել Ղարաբաղով կամ Հայաստանի անդամակցությունը չպետք է զայրացնի Ադրբեջանին: Այս հայտարարությունները լավ առիթ են, որպեսզի Հայաստանը հրաժարվի Մաքսային միությանը անդամակցելուց՝ զուգահեռաբար հավաստիացնելով, որ եվրոպական ուղղությամբ չի կատարի քայլեր, որոնք ուղղված կլինեն ընդդեմ Ռուսաստանի:

Հայաստանը չունի ընդհանուր սահման Մաքսային միության որևէ երկրի հետ, հետևաբար, տրամաբանական չէ անդամակցել այդ միությանը: Ո՛չ Եվրոպական Միություն, ո՛չ Եվրասիական Միություն: Սա կարող էր լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը: Գուցե դեռ ուշ չէ:

Մեկնաբանել