Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կդառնա նոր թոք-շոուի հաղորդավար վրացական Georgian Dream Studio (GDS) հեռուստաալիքի եթերում: Լուրը GDS-ը հաստատել է Facebook-ի իր էջում տեղադրված պաշտոնական հայտարարությամբ, հաղորդում է civil.ge-ն:
Թոք-շոուն եթեր կհեռարձակվի 2014թ. հոկտեմբերից:
GDS-ը ժամանցային հեռուստաալիք է, որի ղեկավարը Իվանիշվիլիի որդին՝ Բերա Իվանիշվիլին է:
«Մենք հաստատում ենք, որ թոք-շոուի հաղորդավարը կլինի պարոն Իվանիշվիլին: Դիտարկվում էր այն հանրային հեռարձակողի եթերով հեռարձակելու հնարավորությունը, սակայն սա կարող էր որոշակի խնդիրներ առաջացնել հանրության շրջանում, ուստի որոշվել է մշակել այլընտրանքային տարբերակներ»,- ասված է հայտարարության մեջ:
Իվանիշվիլին վարչապետի պաշտոնից հեռացել է 2013թ. նոյեմբերին՝ Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո: Հեռանալիս նա ասել էր, որ լքում է քաղաքականությունը և լինելու է ակտիվ քաղաքացի: 2014թ. սկզբին հիմնել է «Քաղաքացի» ոչ կառավարական կազմակերպությունը: