Նախագահը պետական այցով Ուրուգվայում է

Հուլիսի 9-ին մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, մինչ նախագահ Խոսե Մուխիկայի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանն այցելել է Անկախության հրապարակ, ծաղկեպսակ դրել գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Հայաստանի և Ուրուգվայի նախագահները քննարկել են միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացմանը, անշուշտ, մեծապես նպաստում է Ուրուգվայի հայ համայնքը, որը պատմության տարբեր ժամանակահատվածներում բնակություն է հաստատել Ուրուգվայում և ակտիվ մասնակցություն ունի երկրի հասարակական, քաղաքական կյանքում և իր համեստ նպաստն է բերում բարեկամ Ուրուգվայի զարգացմանը:

Հայաստանի և Ուրուգվայի նախագահները կարևորել են նաև այն հանգամանքը, որ երկու երկրների մոտեցումներն ու դիրքորոշումները համամարդկային նշանակության հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցը, ըստ նախագահ Սերժ Սարգսյանի, այն է, որ դեռևս 1965թ. աշխարհում առաջինը ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Ուրուգվայը հայ ժողովրդի և համայն մարդկության դեմ գործած այս ծանրագույն ոճրի ճանաչման և դատապարտման գործում կատարել է, թերևս, ամենածանրակշիռ ներդրումը:

Հանդիպման ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, ինչպես նաև համատեղ հայտարարություն:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ:

Վերջինս ընդունել է Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը այցելելու Հայաստան՝ Նա իր երկրի անունից առաջարկել է Հայաստանին Ուրուգվայը որպես դարպաս օգտագործել Հարավային Ամերիկայի տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրատնտեսական կապեր զարգացնելու համար:

Սարգսյանն այցելել է Մոնտեվիդեոյում գտնվող «Հայաստան» հրապարակ: Նախագահը հարգանքի տուրք է մատուցել հրապարակի հարևանությամբ տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Այցի առաջին օրը նախագահն այցելել է նաև գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող Ուրուգվայի «Կոնապրոլե» կաթնամթերքի արտադրական միավորում, նրան ներկայացրել են արտադրանքի շուրջ 70 տոկոսն աշխարհի բազմաթիվ երկրներ արտահանող այդ գործարանի հզորություններին:

Ի պատիվ Սերժ Սարգսյանի Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի անունից տրվել է նաև պաշտոնական ճաշ:

Սերժ Սարգսյանը տարածաշրջանային այցով Հարավային Ամերիկա է մեկնել հուլիսի 5-ին: Հուլիսի 6-8-ը նա պաշտոնական այցով Արգենտինայում էր: Ուրուգվայից նա կմեկնի Չիլի:

Մեկնաբանել