Ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին ձերբակալվել է արցախցի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը, որը Ռուսաստանի մայրաքաղաք էր ժամանել Մոնակոյից: Այս մասին հաղորդում է ռուսական «Ռոսբալտ» գործակալությունը:

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը այս պահի դրությամբ պաշտոնական որևէ տեղեկություն չունի գործարարի ձերբակալության վերաբերյալ: Ինչպես ՍիվիլՆեթին տեղեկացրեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդուարդ Ջամբազյանը, ներկայում փորձ է արվում պարզել տեղեկության իսկությունը և միջադեպի հանգամանքները:

Ըստ «Ռոսբալտի»` Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է «կինգիսեպսկի» հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակում: «Ուժեղացված հսկողության ներքո գործարարը տարվել է ՌԴ քննչական կոմիտե` հարցաքննության: Այնտեղ նրան պաշտոնապես հայտարարել են կալանավորման մասին, իսկ առաջիկա օրերին քննիչները մտադիր են Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարան ներկայացնել նրան ձերբակալելու միջնորդություն»,- գրում է կայքը։

Հանցավոր խմբավորման հետ Հայրապետյանի հնարավոր կապի մասին քննիչներին հայտնել է նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը ցմահ բանտարկություն է կրում։

Ըստ նախաքննական մարմնի` «կինգիսեպսկի» հանցավոր խումբն իրականացրել է ավելի քան 20 ծանր և առանձնահատուկ ծանր հանցագործություններ, այդ թվում` տասնյակ սպանություններ:

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ.: Երկար տարիներ որպես լրագրող է աշխատել «Օգոնյոկ» ամսագրում և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականում: Հետագայում Հայրապետյանը սկսել է գործարարությամբ զբաղվել` կապված նավթի մատակարարումների հետ: Ներկայում համարվում է հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկը:

Մեկնաբանել