Դատարանը բավարարել է Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը

Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը հուլիսի 17-ին բավարարել է արցախցի գործարար Լևոն Հայրապետյանին մինչև սեպտեմբերի 15-ը կալանքի տակ պահելու միջնորդությունը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», այս մասին դատարանից տեղեկացնում է գործակալության թղթակիցը:

Դատարանը որոշել է, որ Հայրապետյանը, լինելով «Սոբոսեդնիկ» հրատարակչատան ղեկավարներից, կարող է լրատվամիջոցների օգնությամբ ճնշում գործադրել քննության ընթացքի վրա: Դատավորի խոսքով` միաժամանակ` Հայրապետյանը քաջածանոթ է Ռուսաստանի դատական և իրավապահ համակարգերին, և կարող է օգտագործել առիթը` «քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»:

Հայրապետյանի պաշտպանությունը, իր հերթին, խնդրել է տնային կալանք սահմանել կամ գրավի դիմաց ազատ արձակել նրան:

Նախաքննությունը Լևոն Հայրապետյանին կասկածում է 2009թ. Ուրալ Ռախիմովի «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի գործում ունեցած մասնակցության մեջ: Ռախիմովը երեք տարի կառավարել է «Բաշնեֆտը» «ԱՖԿ Սիստեմա» ընկերությունների խմբի միջոցով:

Լևոն Հայրապետյանի եղբայրը` Վլադիմիր Հայրապետյանը, գործարարի ձերբակալումը քաղաքական հաշվեհարդար է որակել:

Հայրապետյանը ձերբակալվել էր հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հուլիսի 16-ի դրությամբ պաշտոնական որևէ տեղեկություն չուներ գործարարի ձերբակալության վերաբերյալ:

Գործարարը ծնվել է 1949թ.: Երկար տարիներ որպես լրագրող է աշխատել «Օգոնյոկ» ամսագրում և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականում: Հետագայում Հայրապետյանը սկսել է գործարարությամբ զբաղվել` կապված նավթի մատակարարումների հետ: Ներկայում համարվում է հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկը:

Մեկնաբանել