ԵԱՀԿ-ն մտահոգված է Հայաստանում տեղեկատվության աղբյուրը բացահայտելու որոշմամբ

ԵԱՀԿ-ի` մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հուլիսի 22-ին իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի դատարաններից մեկի որոշման կապակցությամբ, ըստ որի` լրատվամիջոցները պետք է բացահայտեն իրենց տեղեկատվության աղբյուրը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 26-ին կայացրել էր դատական ակտ, որը պարտադրում էր ilur.am կայքին և «Հրապարակ» օրաթերթին բացահայտել իրենց հրապարակումներից մեկի աղբյուրը: Խոսքը Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանին վերաբերող հրապարակման մասին էր, որի համաձայն` Նադարյանը մայիսի 7-ին կանգնեցրել էր ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մեքենան, բռնություն գործադրել նրա և նրա եղբոր նկատմամբ, զենքով սպառնացել նրանց:

«Ես մտահոգված եմ, քանի որ այս որոշումը կարող է զսպող դեր ունենալ լրատվամիջոցների համար և խոչընդոտներ ստեղծել հանրային կարևոր խնդիրների լուսաբանման համար,- ասել է Միյատովիչը: -Տեղեկատվության հանրային և մասնավոր աղբյուրների հետ աշխատանքում պետք է ճանաչվի լրագրողների կողմից պրոֆեսիոնալ գաղտնիության պահպանման անհրաժեշտությունը»:

ԵԱՀԿ ներկայացուցչի խոսքով` աղբյուրը գաղտնի պահելու լրագրողի իրավունքը հետաքննական լրագրության հիմնական սկզբունքն է և ԵԱՀԿ-ի կողմից բազմիցս ճանաչվել է որպես կարծիքների ազատ արտահայտման հիմնարար պայման:

Ilur.am-ի խմբագիր Քրիստինե Խանումյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում չի համաձայնել, որ Գյումրիի միջադեպի առթիվ աղբյուրի բացահայտման պարտադրանքը արդարադատության իրականացում է։ Նա նշել է, որ անկախ ամեն ինչից՝ իրենք տեղեկատվության աղբյուրը բացահայտել չեն պատրաստվում:

Փաստաբան Վահե Գրիգորյանն էլ ասել է, որ աղբյուրների գաղտնիության ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ձևավորել է ընդարձակ նախադեպային իրավունք:

Լրատվամիջոցների կողմից տեղեկատվության աղբյուրը բացահատելու որոշման վերաբերյալ ՍիվիլՆեթի պատրաստած տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանել