Սերժ Սարգսյանը հանձնարարել է ավելացնել օգնությունը Իրաքի եզդիներին

Photo: GETTY IMAGES

Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ավելացնել Իրաքի եզդիներին Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները: Այս մասին ասված է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի հայտարարությունում, որը տրամադրվել է «Արմենպրես» գործակալությանը:

«Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով:

Որևէ ազգային և կրոնական փոքրամասնության և, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբե­րելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

ՀՀ նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնա­խարարությանը և դիվանագիտական առաքելու­թյուն­ների ղեկավարներին՝ միջազ­գային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար:

Նախագահ Սարգսյանն այսօր ՀՀ վարչապետի հետ քննարկել է նաև Հայաս­տանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը, ինչին ՀՀ կառավարությունը լուծում կտա առաջիկա օրերի ընթացքում:

Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին»,- ասված է հայտարարությունում:

Իսլամիստ արմատական զինյալների՝ օգոստոսի սկզբին Իրաքի հյուսիսային Սինջար քաղաքի գրավումից հետո տեղի եզդի փոքրամասնության (որը քաղաքն իր հայրենիքն է համարում) անդամները, վախենալով կորցնել կյանքը, ստիպված են եղել փախչել շրջակա սարերը։ Ներկայում լինելով զուրկ սննդից, ջրից և բուժօգնությունից՝ հազարավոր ընտանիքներ օգնության խիստ կարիք ունեն:

Հայաստանի կառավարությունն անցած շաբաթ որոշում էր կայացրել Իրաքի եզդիներին 50 հազ․դոլարի օգնություն հատկացնելու մասին։

Օգոստոսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարություն էր տարածել, ըստ որի` ԱԳՆ-ն կիսում է Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը Իրաքում տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ:

Օգոստոսի 14-ին Հայաստանի եզդիները բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության, ՄԱԿ-ի գրասենյակի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առջև:

Իրաքի եզդիներին սպառնացող վտանգի մասին ՍիվիլՆեթը զրուցել է արևելագետ Վարդան Ոսկանյանի և «Սինջար» եզդիական ազգային միավորման ղեկավար Բորիս Մուրազիի հետ։

Մեկնաբանել