Սելեկտիվ գիշատիչը

Վերջերս երեք աղջիկ ունեցող գինեկոլոգներից մեկը աչքերիս մեջ նայելով ասում էր՝ հասկացանք, աղջիկների աբորտը վատ բան է, բայց մեզ տղաներ էլ են պետք։ Ու շարունակում է՝ բանակ կա, բան կա։ Մի մասնագետ` հ/կ-ի ներկայացուցիչ, խորհուրդ էր տալիս շատ չմտահոգվել՝ սելեկտիվ աբորտի (կամ՝ ընտրողական ծնունդի) զոհերը ոչ թե հենց աղջիկներն են, այլ հիմնականում ընտանիքի երրորդ աղջիկը։ Այսինքն, ընտանիքում աղջիկ երեխայի հարցը վաղուց լուծած ծնողներն են գնում սելեկտիվ աբորտի։ Ընտրողական ծնունդի հիմնական հանցավորությունն այն է, որ զոհերին մենք դեմքով չգիտենք, մենք գիտենք միայն ծնվածներին։

Հիմնական փաստարկը հայտնի է՝ ընտանիքի ժառանգականությունը ապահովում է տղան։ Կապ չունի՝ որերորդ ծնունդն է, հենց՝ տղան։ Տղա չեղավ, ընտանիքը խաչ է քաշում իր շարունակության վրա։ Այս ամենում ինտելեկտուալ որևէ մարտահրավեր տեսա՞ք։ Չկա այդպիսի մարտահրավեր։ Հաջորդը՝ հացի փող աշխատողը տղան է, աղջիկը մայր է դառնում ու մնում է տանը։ Այստեղ էլ որևէ մարտահրավեր չկա։ Որովհետև, եթե ընտանիքում ծնվում է երկու տղա, այդ օջախն իր մասով մինիմում մեկ ապագա մայր պակաս ունի։ Դա իր մեղքը չէ, պարզ է։ Բայց նրանց մայրը աղջիկ է փնտրելու, չէ՞։ Հալալ կաթնակեր աղջիկ։ Խնդիրն այն է, թե մարդու մտածելակերպում ո՞վ է ոչնչացման ենթակա։ Շիա մահմեդականի համար ոչնչացման ենթակա է սուննին, թուրքի համար՝ հայը, իսլամիստի համար՝ քրիստոնյան, ֆաշիստի համար՝ հրեան, քրդի համար՝ եզդին և այլն։ Շիայի համար սուննին խանգարող հանգամանք է, ֆաշիստին խանգարում է հրեան, թուրքին՝ հայը, քրդին՝ եզդին։

Հասկացանք, մարդը միակն է, որ սպանում է գլխով։ Անասուն չէ։ Այսինքն, սպանում է միայն մարդը, որովհետև նրա սպանության մեջ զոհին ուտելու անհրաժեշտություն չկա։ Գիշատիչը կարող է վերացնել իր տեսակի ուրիշի ձագուկին։ Իր սերնդի դոմինանտության համար։ Մարդը՝ նաև իրենը, հենց իր որովայնի պտուղին, որի համար սեր են արել։ Եվ դարձյալ իր սերնդի եթե ոչ դոմինանտության, բայց հաստատ՝ շարունակության համար։ Հիմքում, այնուամենայնիվ, դոմինանտությունն է, քանի որ մարդը աշխատում և ապրում է հատկապես իր զավակի համար, մարդու ագահությունը, չարությունը հատկապես իր սերնդի համար է։ Նա փող է կուտակում, գնում է մեծ կապիտալ, շքեղ մեքենան տալիս է, ասենք, իր զավակի ձեռքը և ասում՝ դե ցույց տուր բոլորին, թե դու ով ես։ Որովհետև մարդը սա անում է գլխով։ Պարզ է, գլուխն ըստ նշանակության չի օգտագործվում, բայց հաստատ ձախ ձեռքով չի անում այդ ամենը, այլ հենց՝ գլխով։ Սա պարզեցինք։

Երկրորդ, ընտրողական ծնունդը սպանության մեջ չէ, այլ կյանքի։ Ես, օրինակ, Սուրիկ Խաչատրյանի որդու համեմատ արդեն իսկ ենթարկվել եմ «սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման», որովհետև դրա իմաստն ինչն է՝ ու՞մ է թույլատրված ծնվել, ում՝ ոչ, ում է թույատրված ապրել, ում՝ ոչ։ Իսկ Սուրիկ Խաչատրյանի որդին, հայտնի փաստ է, մարդ է սպանել և ազատության մեջ է։ Ապրել թույլատրված է բոլորին, ում առաջ դողում են բժիշկները և թույլատրված չէ նրանց, ում հետ խոսում են քամահրանքով։ Երիտհհկական պատգամավորներին թույլատրված է ապրել, իսկ այս օրերին սահմանին կանգնած զինվորներին՝ ոչ։ Նշանակում է, բոլոր զինվորները երիտհհկական պատգամավորների համեմատ ընտրողական ծնունդի զոհեր են։ Այսինքն, ինչի՞ կամ ու՞մ հետ է մեր կռիվը։ Մեր կառավարման համակարգը սելեկտիվ աբորտի «կառավարման» համակարգ է։

Անպատժելիությունը հենց դա է, երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելու օրը հայտարարում է, որ մինչև հուլիսի 1-ը բոլոր խոշոր գործարարները դուրս են գալիս ստվերից, իսկ երկու օր առաջ հրաժարվում է իր խոսքերից և ասում, որ դեռ ժամանակ է պետք։ Հասկացա՞ք։ Երկու օր առաջ Հովիկ Աբրահամյանը իր իմացած հայերենով ՀՀ քաղաքացուն ենթարկել է հղիության արհեստական ընդհատման, այսինքն, ստվերը դեռ կարող է վայելել իր հովանավորությունը, որովհետև մենք՝ ՀՀ քաղաքացիներս, որպես «պտուղ» այնքան չենք հասունացել, որ ասենք, տղա ջան, մենք նույնքան կենդանի օրգանիզմ ենք մեր բոլոր իրավունքներով, պետության (այսինքն՝ մոր) մեր զգացողությամբ, որքան դու և քո օլիգարխները։ «Ընտրողական ծնունդն» այն է, երբ կառուցածդ պետություն չէ, այլ ցեղ, որովհետև ցեղը միշտ առաջնորդվում է մեկ այլ ցեղի ոչնչացումով, պետության մեջ բոլորն արժեք են։

Ընտրողական ծնունդը բնապահպանական հասկացություն էլ է։ Եթե վերջերս եղել եք Թեղուտում, կհասկանաք, որ այդ տարածքը որպես բնության հրաշք, այլևս գոյություն չունի։ Այնտեղ շուտով սկսելու են մոլիբդենի արտահանման աշխատանքները։ Ծառերը ոչնչացված են, տարածքը խնամքով պատրաստել են տնտեսական նոր նվաճումներին։ Իսկ ինչքա՞ն պայքարեցին դրա համար բնապահպանները։ Սակայն ընտրողական ծնունդի հայկական մարգարիտն ըստ իս «հանրային շահ» հասկացությունն է՝ ասված Երվանդ Զախարյանի և բազմաթիվ այլ հայ պաշտոնյաների բերանով։ Որովհետև զոհերին մենք դեմքով չգիտենք, գիտենք միայն «ծնվածներին»։ Այսինքն, նրանց, ովքեր արդեն աշխարհի մակարդակով «իրավունք» են ստանում ասելու՝ հիմա ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը։ Բոլոր հրեշավոր հասկացությունները մարդկային են, որովհետև սպանում է միայն մարդը։

Մեկնաբանել