Մարզահամերգային համալիրը հանձնվեց պաշտպանության նախարարությանը

Կառավարությունն օգոստոսի 21-ի նիստում որոշում է ընդունել բյուջեին ունեցած պարտքի դիմաց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանձնել պաշտպանության նախարարությանը` «Գույք` պարտքի դիմաց» կառավարության միջոցառումների շրջանակում:

Կառավարության նիստին, ներկայացնելով որոշման նախագիծը, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից առաջարկվել է պարտքի դիմաց ընդունել համալիրի գույքը և նրա սեփականության իրավունքը գրանցել ՊՆ-ի հաշվեկշռին: Փոխնախարարը հիշեցրել է, որ համալիրի բյուջետային վարկի պարտքը կազմում է 10 207 755 910 դրամ:

Կառավարությունը հանձնարարել է նաև պաշտպանության նախարարությանը՝ գույքն օգտագործել նպատակային նշանակությանը համապատասխան:

«ԴԱՀԿ ծառայության կողմից 2014թ. օգոստոսի 14-ից հայտարարած՝ անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը՝ պարտքի դիմաց 10 283 383 350 դրամ գնով անշարժ գույքի ընդունման մասին, հարկադիր կատարողի հետ կնքել գույքը հանձնելու մասին պայմանագիր և ապահովել անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցումը` պայմանագրի նոտարական վավերացման և ծագող իրավունքների գրանցման ծախսերը կատարելով ՀՀ պետական բյուջեով նախարարությանը հատկացված միջոցների հաշվին»,- ասված է կառավարության ընդունած որոշման մեջ:

Մարզահամերգային համալիրն արդեն յոթ անգամ աճուրդի էր հանվել` յուրաքանչյուր անգամ 10% ավելի ցածր գնով, սակայն այդպես էլ չէր վաճառվել: ՍիվիլՆեթն ավելի վաղ գրել էր, որ համալիրը աճուրդի է հանվել կառավարության գաղտնի որոշումների հետևանքով։ Կառավարությունը համալիրին 2012թ. գաղտնի որոշմամբ տրամադրած է եղել մոտ 23 մլն դոլարի բյուջետային վարկ՝ գիտակցելով, որ ընկերությունն այն չի կարողանալու մարել։

Մեկնաբանել